«Նորանկախ Վրաստանի պատմության մեջ ոչ մի անգամ տեղի չի ունեցել Հայոց Ցեղասպանության հարցի գոնե արծարծում: Վրաստանում մենք ունենք հսկայական հայկական ներկայացվածություն, սակայն Ցեղասպանության թեման այս երկրում փակ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը:
Նա հիշեց, որ առաջին անգամ 2002թ-ի ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանում հայազգի պատգամավորներից մեկը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, որը վրաց պատգամավորները մեծ դժգոհությամբ կատարեցին:
Դրանից հետո մինչ օրս որևէ նախաձեռնություն չի եղել: Վ. Սարգսյանը նկատեց, որ վրաց իշխանության ու հասարակության լռության հիմնական պատճառը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման վախն է:
«Վրաստանում թուրք-ադրբեջանական հզոր գործոն կա: Վրաց պատգամավորներն ասում են, թե իրենք զահլա չունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնել Ցեղասպանության ընդունման հետևանքով»,- նշեց Վ. Սարգսյանը:
Վերլուծաբանի խոսքով, Աթաթուրքի գաղափարներով տոգորված` Վրաստանում փորձում են ուրիշների մշակույթը ոչնչացնելով զարգանալ: Այնինչ, ըստ Վահե Սարգսյանի, վրացիների մշակույթն ու պատմությունն այնպիսին է, որ նրանք կարող են զարգանալ` առանց այլոց մշակույթը փչացնելու:
«Նման քաղաքականությամբ ապրող հասարակության կողմից Ցեղասպանության ճանաչում ակնկալելն առնվազն ծիծաղելի կլինի: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունն էլ, թե Ցեղասպանությունը պատմական հարց է, թող պատմաբաններն էլ զբաղվեն, քեմալական գաղափարախոսության շարունակությունն է»,- գտնում է բանախոսը:
Այս պարագայում Վրաստանում Վահե Սարգսյանի խոսքով, Ցեղասպանության մասին խոսելը կդառնա «անիմաստ». «Մնում է միայն հայերի վերջին բեկորները փրկել Վրաստանից, որովհետև Վրաստանը երբեք չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը»:
Չնայած վրաց իշխանությունների անտարբերությանը Ցեղասպանության հարցի շուրջ` Վրաստանի հայ համայնքն, այնուամենայնիվ, ամեն տարի ապրիլին միջոցառումների լուրջ շարքեր է անցկացնում: /Aysor.am/
|