Շուտով լույս կտեսնի բանահավաք, ժողովրդագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի համալրված տարբերակը: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց գրքի հեղինակը` աշխատությունն արդեն անգլերեն և թուրքերեն է թարգմանվել: 2000թ. լույս տեսած գրքում ներառված են ցեղասպանություն վերապրած հայերից 700-ի վկայությունները:
«Ես ոտքով, փողոցից փողոց գնում էի, գտնում էի վերապրածների, խնդրում նրանց պատմել իրենց հետ պատահածը, նրանք էլ վախենում էին պատմել. աքսորի կուղարկեին… Բայց ես կարողացել եմ 55 տարի մեծ ջանքեր գործադրելուց հետո հավաքել, գրի առնել այդ պատմությունները… Հիմա այդ սերունդն այլևս չկա, սակայն կա նրանց պատմությունը»,- ասաց բանահավաքն, ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերը կարևոր դեր կխաղան Հայ դատի արդարացի լուծման համար:
Վ. Սվազլյանը նշեց, որ Ցեղասպանության մասին լույս են տեսել տարբեր ժանրերի ստեղծագործություններ, սակայն ժողովրդի ձայնը կարծես թե չի հնչել:
«Հիշողությունը պետք է գրի առնվեր և հանձնվեր գիտական հանրությանը: Այս ամենն իր խոշորագույն դերը կունենա Ցեղասպանության ճանաչման մեջ», - ասաց նա, ընդգծելով, որ իր միջոցներով է ֆինանսավորել անգլերեն և թուրքերեն լեզուներով գրքի հրատարակությունը:
«Ես իմ հարսանեկան օղերը, իմ զարդերը, գորգերը, թանկարժեք իրերը, ամենը վաճառել եմ, և իմ միջոցներով թարգմանել եմ տվել այս գիրքը, որ նաև թուրք երիտասարդն իմանա ճշմարտությունը, որ անգլերեն հասկացողն էլ կարդա այն, որ աշխարհին հասնի այս մարդկանց վիշտը»,- ասաց ժողովրդագետը:
Վերժինե Սվազլյանը, լինելով Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, ողջ կյանքը նվիրել է հենց այս գործին` հավաքել և գրի է առել ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, այլև երգերը, որ թուրքերեն լեզվով երգել են հայերը աքսորի ճանապարհին:
Նշենք, որ 2006 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար ժողովրդագետ Վերժինե Սվազլյանը պարգևատրվել էր ՀՀ Նախագահի Առաջին մրցանակով:
/Aysor.am/
|