ԵՊՀ պատվիրակությունը մարտի 31-ից ապրիլի 3-ը այցելել է Արցախ, որի շրջանակներում ԵՊՀ-ի և Արցախի պետական համալսարանի ուսանողները անցկացրին գիտաժողով` նվիրված Լեռնահայաստանի 90 և Գարեգին Նժդեհի 125-ամյակներին: Զեկույցներով հանդես եկան 11 ուսանողներ, 8-ը` ԵՊՀ-ից, 3-ը` ԱրՊՀ-ից:
«Արցախի պետական համալսարանը միանում է ԵՊՀ ուսանողների` Ադրբեջանի իշխանություններին ուղղված հայտարարությանը` կապված սահմանի վրա հրադադարի հաճախակի խախտման հետ: Մենք` արցախցիներս, լինելով առաջին գծում, շատ լավ իմանալով մեր ժողովրդին, հայտարարում ենք. «Լսե՛ք, բաքվեցինե՛ր, չփորձե՛ք մեզ հունից հանել. այս անգամ ձեզ փրկություն չի լինի»»,- գիտաժողովի սկզբում նշեց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը` ողջունելով երկու համալսարանների ուսանողների համատեղ նախաձեռնությունը:
«Առիթը պատմականորեն կարևոր է, որպեսզի մեկ անգամ ևս շեշտադրումներ անենք և կարևորենք այդ մեծ մարդու վաստակը մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ և ընդգծենք Լեռնահայաստանի` որպես անկախ պետության ստեղծման փաստը: Լեռնահայաստանն իր մեջ ընդգրկել է Զանգեզուրը և հանդիսացել է մեր այսօրվա անկախ պետականության գրավականը»,- բացման խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով ուրախալի է համարում այն հանգամանքը, որ հայագիտության մասին խոսում են հատկապես երիտասարդները:
Գիտաժողովից հետո համալսարանականներն ուղևորվեցին «Մենք ենք, մեր սարերը» արձանի շրջակայք` ծառատունկի: Դրանից անմիջապես հետո ԵՊՀ ուսանողներից և ղեկավարությունից կազմված փոքրիկ պատվիրակությանը հյուրընկալեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Համալսարանականներն առաջարկեցին մի շարք ծրագրեր, որոնք մեծ խանդավառությամբ ընդունեց նախագահը: Դրանցից հատկապես կարևորվեց այս տարի Քարվաճառում համահայկական ուսանողական հավաքի կազմակերպումը, որի մասնակիցների թիվը կհասնի շուրջ 200-ի: Բ. Սահակյանը խոստացավ հենց հաջորդ օրվանից ընթացք տալ այդ ծրագրին:
Նախագահը պատասխանեց նաև համալսարանականների հարցերին, որոնք վերաբերում էին ազատագրված տարածքների բնակեցմանը, նորակառույց օդանավակայանի բացմանը և այլն:
Մարտի 2-ին ուսանողները հանդիպել են ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարների հետ, սակայն ոչ թե պաշտոնական որևէ վայրում, այլ հյուրանոցի ճաշարանում` ոչ պաշտոնական մթնոլորտում: Իսկ թեման բնավ էլ կրթական ծրագրերը կամ ուսման որակը չէին. «ոչ փողկապային» մթնոլորտում նախարարները, ռեկտորները ուսանողներին պատմում էին Արցախյան պատերազմի դրվագներից, հիշում այն ուսանողներին, ովքեր զոհվել են հանուն այսօրվա Արցախի:
Այցի վերջին օրը` մարտի 3-ին, նույնպես ծառատունկ էր, այս անգամ` Քաշաթաղում: ԵՊՀ ուսանողները մի քանի տասնյակ սոսիներով ու ընկուզենիներ տնկեցին Մոնթեի հուշարձանին կից պուրակում:
/Panorama.am/
|