Քսանից ավելի երկրներ ընդունել են Հայոց Ցեղասպանության փաստը, և քաղաքական տեսանկյունից մոտենալով հարցին` յուրաքանչյուր նոր երկիրը, ընդունելով հայոց Ցեղասպանության փաստը, բարձրացնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը և հավելեց, որ դա որոշակի զսպաշապիկ է Թուրքիայի և Ադրբեջանի համար:
Գ. Հարությունյանի խոսքով, խոշոր աշխարհաքաղաքական փոփոխություների փուլում են տեղի ունենում Հայաստանի համար վճռորոշ իրադարձությունները. Ցեղասպանությունը` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հեղափոխությունից հետո ստեղծվեցին Առաջին և երկրորդ Հայաստանի հանրապետությունները:
«3-րդ խոշոր իրադարձությունը ԽՍՀՄ-ի փլուզումն էր, որի արդյունքում ստեղծվեցին Հայաստանի երրորդ հանրապետությունը և ԼՂՀ-ն»,- շեշտեց «Նորավանք» հիմանդրամի տնօրենը և նշեց, որ այսօր աշխարհում ստեղծվում է շատ բարդ իրավիճակ, և շատ վերլուծաբաններ ներկան դիտարկում են որպես աշխարհաքաղաքական տեղաշարժի իրավիճակ:
Այս ֆոնի վրա, բանախոսը կարծում է, որ պետք է հայ հասարակությունը իր առջև դնի որոշ խնդիրներ, այդ թվում` եթե ամբողջ աշխարհն ընդունում է Հայոց Ցեղասպանությունը, ի՞նչ ենք անելու մենք հաջորդ օրը:
«Մենք պետք է այս կամ այն չափով պատրաստ լինենք նման իրադարձության»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը: /Aysor.am/
|