Այս օրերին Նյու Յորքի, Նյու Ջերսիի նահանգներում անցկացվում են Հայոց ցեղասպանության նվիրված ոգեկոչման միջոցառումներ` հուշ երեկոներ, համերգներ, հոգեհանգստի պաշտոններ, որոնց իրենց մասնակցությունն են բերում ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական կազմը, ԱՄՆ արևելյան ափի հայկական կառույցների, հայաստանյայց եկեղեցիների, քաղաքապետարանների, նահանգային ու շրջանային խորհուրդների ներկայացուցիչները: Այս մասին այսօր հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Ապրիլյան միջոցառումների շարքը սկսվեց ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո կազմակերպության կենտրոնատեղիում անցկացվեց «Ցեղասպանության կանխարգելում» խորագիրը կրող սեմինար, որին մասնակցել են տվյալ բնագավառում ուսումնասիրություններ կատարող գիտնականներ, մասնագետներ, հոգեբաններ, ուսանողներ ու Հայոց ցեղասպանությունը վերապրողների սերունդներ:
Հայոց ցեղասպանության ոգեկոչման Բոստոնի միացյալ հանձնախմբի հրավերով ապրիլի 25-ին որպես օրվա բանախոս Վոթըրթաունում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:
Նա իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը` կարևորելով այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա ցեղասպանության հանցագործության կանխարգելմանն ու դատապարտմանը: Դեսպանը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մեկ անգամ ևս թելադրում է գործել առավել վճռականությամբ ու միասնաբար` ամրապնդելու համար Հայաստանն ու Արցախը, որպես հայ ժողովրդի ապահով ու անվտանգ զարգացման հուսալի բնօրրաններ:
96-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները կեզրափակվեն մայիսի 1-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում հայ համայնքի կողմից կազմակերպվելիք ամենամյա հիշատակի բողոք ցույցով:
/Aysor.am/
|