Սոֆիա
Ապրիլի 24-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպանը և դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի, բոլոր հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Սուրբ Զատիկի արարողությունից հետո Սոֆիայի հայկական եկեղեցուց` եռագույն դրոշներով և Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, երթով շարժվեցին դեպի Երևանյան պուրակում տեղադրված Հայկական խաչքար: Երևանյան պուրակում` խաչքարի մոտ, Հայաստանի Հանրապետության օրհներգով սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված հավաքը: Տեղի ունեցավ սգո պատարագ, լռության րոպե, պսակի զետեղման և մոմավառության արարողություն: Հանրահավաքին ելույթներով հանդես եկան Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր, Բուլղարիայի «Հայ Դատի» հանձնախմբի անդամ տիկին Վարդանուշ Թոփաքբաշյանը, բուլղարական «ԼԵՎՐԵՊԵՈ» ամսագրի խմբագիր և քաղաքական մեկնաբան Լյուբեն Դիլովը:
Հայաստանի դեսպանը նշեց, որ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը առ այսօր միջազգային ողջ հանրության կողմից չի դատապարտվել, թեև շատ երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Եվրախորհուրդը, եվրոպական մի շարք երկրներ, Հարավային Ամերիկայի և ԱՄՆ մի քանի նահանգներ արդեն իրենց ճշմարիտ խոսքն են ասել: Իր ելույթում դեսպանը կարևորեց նաև Բուլղարիայի Հանրապետության մի շարք քաղաքային և համայնքային խորհուրդների կողմից 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ արդեն մեկ տասնյակից ավելի ընդունված որոշումները և հերթով թվարկեց դրանք` Պլովդիվ, Բուրգաս, Ստառա Զագոռա, Նովա Զագոռա, Ռուսեգ, Սիլիստրա, Կազանլըկ, Մալկո Տռնովո, Ալֆատար, Լյասկովեց, Պազարջիկ:
Հավաքին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու թեմական խորհրդի նախագահը և անդամները, ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, Սբ. Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայագիտական բաժնի դասախոսներ և ուսանողներ, Սոֆիայում գործող բուլղարահայ ազգային մարմինների, կրթամշակութային և այլ կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչները, մտավորականներ և գործարարներ:
Վառնա
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Վառնայի հայ առաքելական «Սուրբ Սարգիս» եկեղեցում ի հիշատակ Եղեռնի զոհերի եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ պսակի զետեղման և մոմավառության արարողություն:
Եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք որից հետո ներկաները պաստառներով բողոքի երթով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն:
Պլովդիվ Ապրիլի 24-ին Պլովդիվի Զինվորական ակումբի մոտից մեկնարկեց բողոքի երթ դեպի Պլովդիվի հայ առաքելական «Սուրբ Գևորգ» եկեղեցի բակում տեղադրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքարը, որտեղ և տեղի ունեցավ լռության րոպե, պսակի զետեղման և մոմավառության արարողություն: Ապրիլի 25-ին Պլովդիվի հայկական գերեզմանատանը սգո պատարագ մատուցվեց 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Բուրգաս
Ապրիլի 25-ին Բուրգասի հայ առաքելական «Սուրբ Խաչ» եկեղեցում սգո պատարագ մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին: Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ տեղի ունեցավ հանրահավաք, լռության րոպե, ծաղկեպսակի զետեղման և մոմավառության արարողություններ: Հանրահավաքին ներկա էին Բուրգասի քաղաքապետարանի, համայնքային խորհրդի , ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, բուլղար հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Նույն երեկո Բուրգասի ազգային վարժարանի դահլիճում ցուցադրվեց իտալացի հանրահայտ կինոբեմադիչներ Տավիանի եղբայների նկարահանած «Արտույտների ագարակ» գեղարվեստական ֆիլմը: /Aysor.am/
|