Ադրբեջանցի քաղբանտարկյալ, «Ռեալնի Ազերբայջան», «Գյունդալիք Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևի ընտանիքին պատկանող բնակարան մահվան սպառնալիքներով հեռախոսային զանգեր են հնչում: Վերջին հեռախոսազանգի ժամանակ անհայտ անձը նրա հորը սպառնացել է մահով. «Էյնուլլա Ֆաթուլլաևին արդեն սպանել ենք, ձեզ էլ կսպանենք»:
Այս մասին «Ենի Մուսավաթ»-ին հայտնել է լրագրողի հայրը` Էմին Ֆաթուլլաևը: «Առավորտյան 6:40-ին մոտ որպես Արդարադատության նախարարության աշխատակից ներկայացած մի կին հեռախոսով ռուսերենով հայտնեց, թե Էյնուլլան սպանվել է և հավելեց, որ կամ վաղը, կամ էլ մյուս օրը կսպանեն նաև ինձ: Ես անմիջապես զանգահարեցի ոստիկանական բաժանմունք և պահանջեցի հետաքննություն անցկացնել», -ասել է լրագրողի հայրը:
Նրա խոսքով, նման սպառնալիքներ եղել են նաև նախկինում: «Այն ժամանակ էլ եմ դիմել ոստիկանություն: Չնայած եկան և խոստացան հետաքննել իրողությունը, սակայն որոշ ժամանակ անց պարզեցի, որ այդ գործով այլևս չեն զբաղվում:
Ավտոմատ հեռախոսախցիկից ռումբ դրվելու մասին կեղծ ահազանգի հեղինակին անմիջապես հայտնաբերում են, իսկ լրագրողի մահվան, ընտանիքին սպառնալու հետ կապված զանգին նման անտարբերություն են ցուցաբերում` այն էլ այն դեպքում, երբ մեր տան հեռախոսը 24 ժամ շարունակ գաղտնալսում են: Ես գիտեմ, թե սպառնացողներն ովքեր են: Սակայն Ադրբեջանի ՆԳ նախարարն այդ հարցով ինձ չի ցանկանում ընդունել, որ անձամբ հայտնեմ նրան հանցագործի անունը»,- դժգոհել է Էմին Ֆաթուլլաևը:
/Panorama.am/
|