Ապրիլի 24-ին և 25-ին Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ևտեղեկատվության վարչությունից:
Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնական մասում տեղի ունեցավ բողոքի երթ` կազմակերպված հայ համայնքի կողմից, որին հետևեց «Փաուլսկիրխե» եկեղեցու դահլիճում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո:
Միջոցառումը կազմակերպել էին Գերմանահայ կենտրոնական խորհուրդը և Գերմանիայի Հայոց առաջնորդարանը: Արարողությանը ելույթով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը, ազգությամբ թուրք գրող Դոգան Ակհանլին և այլք:
Ապրիլի 25-ին Բեռլինի ֆրանսիական մայր տաճարում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին և ելույթով հանդես եկան դեսպան Արմեն Մարտիրոսյանը, «Բեռլինի հայ համայնք» միության նախագահ Վարդգես Ալյանաքը, գրող և հրապարակախոս Ռալֆ Ջորդանոն, ականավոր գիտնականներ:
Միջոցառումներին ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ակադեմիական գործիչներ, մտավորականներ, ինչպես նաև տարբեր կրոնական ներկայացուցիչներ: Հուշ-երեկոներին հնչեցին երաժշտական կատարումներ:
/Aysor.am/
|