Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել դատախազության օրվա առթիվ.
«Դատախազության հարգելի աշխատակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ և համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի առթիվ:
Արցախում ավանդաբար նշում ենք դատախազության օրը: Եվ դա պատահական չէ, քանի որ դատախազությունը չափազանց կարևոր դերակատարություն ունի ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի ու ժողովրդի կյանքում:
Օրենքի գերակայության ապահովումը, օրինականության պահպանումն ու ամրապնդումը, պետության ու քաղաքացիների շահերի պաշտպանությունը համակարգի առջև դրված այն հիմնական խնդիրներն են, որոնք անվերապահ և արդյունավետ կերպով իրականացնելու համար ձեզնից յուրաքանչյուրից պահանջվում է սկզբունքային, ազնիվ ու հետևողական աշխատանք: Այդ աշխատանքից է նաև մեծապես կախված մեր հանրապետության ապագան:
Արցախի իշխանությունները քաջ գիտակցում են դա և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում` ուղղված ձեր աշխատանքային պայմանների բարելավմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:
/Aysor.am/
|