Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել հայ անվանի արվեստագետ, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով ներկաներին և կարևորելով մեծանուն արվեստագետի` ժառանգության վերաիմաստավորումը` Տիգրան Սարգսյանն ասել է. «Սուրենյանցին կարելի է դասել համաշխարհային արվեստի լավագույն գործիչների շարքը: Այդ առումով մեր պետությունն ունի լուրջ անելիքներ` ներկայացնելու Սուրենյանցի ժառանգությունն աշխարհին պատշաճ ձևով, և 150-ամյակի նշումը պետք է լինի Սուրենյանցի ժառանգության միջազգայնացման գործընթացի սկիզբը: Ծանոթանալով Սուրենյանցի կենսագրությանը` ինձ համար բացահայտեցի մի շատ զարմանալի հանգամանք. Սուրենյանցն իր կյանքի ընթացքում ունեցել է ընդամենը մեկ անհատական ցուցահանդես` 1901 թ. Բաքվում: Այդ առումով այսօր մեր կողմից կազմակերպված այս ցուցադրումը բացառիկ է, որովհետև իսկապես մենք փորձել ենք հավաքագրել մեզ հասանելի բոլոր ստեղծագործությունները` հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալ դրանց»:
Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվել է Սուրենյանցի մասին տեսաֆիլմ, ներկայացվել է հեղինակի գրաֆիկական աշխատանքները ներառող գիտական կատալոգ և արվեստագետի` Հայաստանի ազգային պատկերասրահում գտնվող բոլոր գործերը ամփոփ ներկայացնող ալբոմ:
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է սրահներով, ծանոթացել նկարչի` ՀՀ տարբեր թանգարաններում պահվող աշխատանքներին: Մասնավորապես, ներկայացված էին Հայաստանի ազգային պատկերասրահի պահոցներից Սուրենյանցի ողջ հավաքածուն` ավելի քան 200 ստեղծագործություն, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող արվեստագետի կյանքին ու գործունեությանը նվիրված փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, գրքի ձևավորման էսքիզներ, արխիվային լուսանկարներ: /Aysor.am/
|