Հանրապետության Նախագահն այսօր այցելեց ՀՀ Ոստիկանության ակադեմիա, որտեղ հանդիսավոր կերպով բացվեց հերոսաբար ընկած և անհայտ կորած ոստիկանության 135 աշխատակիցներին նվիրված հուշակոթող` «Մեզ բացակա չդնեք» մակագրությամբ:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ոստիկանության ակադեմիայի պետ Հովհաննես Վարյանը` նշելով, որ արդեն 10 տարի է`ապրիլի 16-ը նշվում է որպես Ոստիկանության օր:
«Հայոց ոստիկանության պատմությունը սկսվել 1918 թ.-ից, երբ 1-ին Հանարպետության խորհրդարանը ստեղծեց Ներքին գործերի նախարարությունը: Այդ օրվանից մինչ օրս ոստիկանությունը սրբորեն ծառայում է երկրի ամրապնդմանն ու ազգային նպատակներին, նպաստում երկրի խաղաղ և ստեղծարար բարգավաճմանը»,- հիշեցրեց Հ.Վարյանը:
Իր ելույթում նա նշեց նաև, որ «նոր ժամանակներում հայ ոստիկանից պահանջվում է ծառայողական, մասնագիտական և բարոյական ունակությունների նոր որակ և մակարդակ», որի պահանջն առաջադրել են պետության ղեկավարները` Նախագահի գլխավորությամբ:
«Ոստիկանության համակարգում, այդ թվում` Ոստիկանության ակադեմիայում, հիմնարար բարեփոխումներ ենք ծավալում: Ակադեմիան արդեն կայացել է տեղի պատվավոր մյուս բուհերի ցանկում: Մեր շրջանավարտներից շատերն այսօր դարձել են բարձրաստիճան սպաներ, գնդապետներ, գեներալներ: ՀՀ ոստիկանության ներկայիս պետն էլ մեր շրջանավարտն է»,- ասաց նա:
Հ.Վարյանի խոսքով` տոնական այս օրը ոստիկանները չէին կարող չհիշել ու չմեծարել ոստիկանության այն երախտավորներին, ովքեր ընկան հայրենիքի համար ու իրենց արյան գնով պաշտպաներցին նորաստեղծ երկիրը:
«Հերոսներին չեն կարող բացակա դնել: Նրանց նմաններն են, որ ապրեցնում են երկիրն ու ժողովրդին: Զոհվածներից շատերը մեր ակադեմիայի սաներն են, և այսօր նրանց վերադարձրել ենք մեր հայրենի օջախ: Ակադեմիայի անունից շնորհակալություն եմ հայտնում ՀՀ պետությանը և ոստիկանությանը, որ հուշակոթողը բացվեց հենց այստեղ: Զոհված հերոսները մշտապես ոգևորելու են բոլորիս, խոնարհվենք ու փառաբանենք զոհված հերոսներին»,- եզրափակեց իր ելույթը Ոստիկանության ակադեմիայի պետը:
Ակադեմիայի սաները տոնական քայլերթով անցան ՀՀ Նախագահի մոտով, որից հետո զոհված և անհայտ կորած ոստիկանների հարազատները հարգանքի տուրք մատուցեցին` ծաղիկներ դնելով հուշակոթողի մոտ:
/Aysor.am/
|