Ադրբեջանի ընդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված «Հասարակական պալատի» տնտեսական հանձնաժողովի նախագահ Գուբադ Իբադօղլուն ցնցող փաստեր է բացահայտել` կապված Ադրբեջանում առկա տնտեսական վիճակի հետ: Նա այդ փաստերը բացահայտել է պաշտոնական վիճակագրական տեղեկությունների և իր անցկացրած հետազոտությունների հիման վրա:
«Ազադլիգ» պարբերականն այդ առնչությամբ գրում է, որ ընդդիմադիր տնտեսական փորձագետի ուսումնասիրությունների համաձայն` 2006-2010 թթ-երին Ադրբեջանի բյուջեի 34,5 տոկոսը` մոտ 15 մլրդ մանաթ (19 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսվել է կոռուպցիոն նախագծերի վրա:
Ըստ Գ. Իբադօղլուի` Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների հաշվարկներով, եթե Ադրբեջանի տնտեսությունը շարունակվի ղեկավարվել ներկա ձևով (վարչական կանոններով և նավթի ու գազի հատվածի գերակշռող պայմանում), ապա 2024 թ-ին ՀՆԱ-ի մակարդակը, 2010 թ-ի ՀՆԱ-ի համեմատ, ամենաքիչը կարող է նվազել 20 տոկոսով:
«Ադրբեջանում ճանապարհաշինության վրա 2-3 անգամ ավելի շատ գումար է ծախսվում, քան Վրաստանում և Ռուսաստանում: Օրինակ` Բաքվից մինչև Բինա միջազգային օդանավակայան ձգվող մայրուղու 14 կմ-ի վրա 360 մլն 499.6 մանաթ է ծախսվել: Բյուջեից ֆինանսավորվող բոլոր կառույցների վրա նախատեսվածից 2 անգամ ավելի շատ գումար է ծախսվել: Դրանք են` Օղուզ-Գաբալ-Բաքու խմելու ջրագիծը, Բաքու-Գուբա-Ռուսաստան ավտոմայրուղին, Հեյդար Ալիևի անվան նավահանգիստն ու մշակույթի պալատը և այլն:
Դրան գումարվում է նաև այն, որ օլիգարխ պաշտոնյաները ներկրած ապրանքները մի քանի անգամ ավելի բարձր գներով են վաճառում բնակչությանը: 2003-2009 թթ. վիճակագրության համաձայն` 16 երկրների գծով ներկրումից օտարված (փաստաթղթերում չարտացոլված) գումարի չափը կազմում է 10 մլրդ 645 մլն 900 դոլար»,- թերթի հետ զրույցում հայտնել է Գ. Իբադօղլուն:
/Panorama.am/