Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, հանձնաժողովի փոխնախագահ Իշխան Խաչատրյանը, հանձնաժողովի անդամներ Առաքել Մովսիսյանը, Միքայել Մանուկյանը, Ռուստամ Գասպարյանն այցելեցին Արմավիրի մարզի Հովհաննես Բաղրամյանի անվան թիվ 55 մոտոհրաձգային զորամաս, որտեղ պատրաստվում են ապագա զինվորներ եւ սպաներ։
Զորամասի հրամանատարի ուղեկցությամբ՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները շրջեցին զորամասում, ծանոթացան զինվորական պայմաններին, եղան կենցաղային, մարզական, հանգստի եւ տեղեկատվության սրահներում, բուժկետում։
Անկեղծ զրույց տեղի ունեցավ զորամասի 1-ին գումարտակի զինվորների հետ, ովքեր որոշ ժամանակ անց, իրենց զինվորական ծառայությունը կշարունակեն ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասերում։
Զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Ենոքյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակը հայրենիքին նվիրված զինվորականներ պատրաստելն է։
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը դրական գնահատեց զորամասում անցկացվող ռազմաուսումնական գործընթացը։ Նշվեց, որ առաջիկայում նման այցելություններ կկատարվեն հանրապետության տարբեր զորամասեր։ Հանձնաժողովն ընդունված ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր զորակոչից առաջ՝ կայցելի գլխավոր հավաքակայան եւ կհետեւի աշնանային եւ գարնանային զորակոչերին։
/Times.am-Հայաստանի լուրեր/