Ապրիլի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որը նույն օրը կարճատև ճանաչողական այցով ժամանել էր Ստեփանակերտ:
Պատվիրակության կազմում էին Լորդերի պալատի անդամ բարոնուհի Շրիլա Ֆլավերը, Համայնքների պալատի անդամ Ջոն Վայթինգդեյլը և պատվիրակության քարտուղարներ Էնթնի Աբաջյանն ու Օդեթ Բազիլը։
«Ես մի մեծ առավելություն եմ տեսնում այս հանդիպման համար, դա այն է, որ երկար նախապատմության կարիք չի լինելու, քանի որ Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահը լավ գիտե Լեռնային Ղարաբաղը և քաջատեղյակ է նրա ձեռքբերումներին ու խնդիրներին»,- ողջույնի խոսքում ասաց ԱԺ նախագահը, միաժամանակ գոհունակություն հայտնելով, որ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ Արցախում են բրիտանացի այլ խորհրդարանականներ ևս։
«Ես կարևորում եմ մանավանդ իմ խորհրդարանական գործընկերների առաջին այցը, ում համար բավական հետաքրքիր է մոտիկից ճանաչել Լեռնային Ղարաբաղը, անմիջապես տեղում ծանոթանալ ձեր անցած ուղուն, տեղեկանալ հակամարտության կարգավորման ներկա զարգացումների մասին»,- պատասխան խոսքում նշեց լեդի Քոքսը։
«Շատ եմ լսել Լեռնային Ղարաբաղի անունը, մանավանդ լեդի Քոքսից և անչափ ուրախ եմ, որ ահա վերջապես ես այստեղ եմ ու կարող եմ բարեկամի աչքով տեսնել այն, ծանոթանալ ձեր ժողովրդի կյանքին»,- իր հերթին նշեց բարոնուհի Շրիլա Ֆլավերը։
Համայնքների պալատի հանձնաժողովի նախագահ Ջոն Վայթինգդեյլի խոսքով՝ ինքը մշտապես հետաքրքրվում է հետխորհրդային տարածքի հանրապետությունների կյանքով, մասնավորապես, վերջերս այդ նպատակով այցելել է Վրաստան, այս օրերին՝ Հայաստան և գոհ է, որ ահավասիկ հասցրել է լինել նաև Լեռնային Ղարաբաղում, հնարավորություն ունենալով տեղում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։
ԱԺ նախագահը հյուրերին հակիրճ ներկայացրել է հանրապետության անցած շուրջ 20-ամյա ուղին, այն դժվարությունները, որ Արցախի ժողովուրդն այդ ժամանակամիջոցում կարողացել է հաղթահարել՝ սեփական ուժերով, ինչպես նաև Հայաստանի ու Սփյուռքի աջակցությամբ վերականգնելով պատերազմից ավերված երկիրը, կառուցել, ամրապնդել ու կայացնել ժողովրդավարության համընդունելի արժեքներ որդեգրած իր անկախ պետականությունը։
Զրույցին ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը, Վահրամ Աթանեսյանը և Արմեն Սարգսյանը։
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
/Aysor.am/
|