ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտակերտ շրջան, որտեղ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը հաշվետվություն է ներկայացրել: Ներկայացված տվյալներով` 2010 թվականին Մարտակերտում շարունակվել է շրջանի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացումը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարությունը:
«Թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը ավելի քան 19 միլիարդ դրամ է կազմել` շնորհիվ հանքարդյունաբերության: Շրջանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 5 միլիարդ 750 միլիոն դրամ: Իրականացվել են ավելի քան 8 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ, նախորդ տարվա համեմատ 51.5 %-ով ավելին:
Վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ առաջիկայում արվելու է ամեն ինչ Մարտակերտի նախկին փառքը վերականգնելու համար:
Մարտակերտն աշխատատեղեր ունենալու առումով հանրապետության մյուս շրջանների համեմատությամբ գերիշխող դիրքում է: Դրմբոնի հանքարդյունաբերության գործարանը, կառուցվող հէկ-երը և հեռանկարային մի շարք այլ ծրագրեր, վարչապետի խոսքով` աշխուժություն կմտցնեն ինչպես շրջանի, այնպես և հանրապետության կյանքում:
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի հրապարակած ցուցանիշներից մեկը գոհացրեց վարչապետին` ժողովրդագրական աճ է արձանագրվել: 2010 թվականին Մարտակերտի շրջանում ծնվել է 386 երեխա»,- հայտնում են Արցախի կառավարությունից:
/Aysor.am/
|