Բուենոս Այրես նահանգի Կիլմես քաղաքի ավագանին նոյեմբերի 15-ին որոշում կայացրել միանալ 2006թ. դեկտեմբերի 13-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի կողմից ընդունված թիվ 26.199 օրենքին, որով ապրիլի 24-ը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հռչակվել է «Հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր»: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիսավոր պայմաններում կայացած քաղաքի ավագանու հատուկ նիստի ընթացքում, որին ներկա են եղել Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայ Առաքելական եկեղեցու, Բուենոս Այրեսի հայկական կառույցների ու Կիլմեսում բնակվող մոտ 150 հայ ընտանիքների ներկայացուցիչներ, մտավորականներ, «Խրիմյան» վարժարանի աշակերտները, լրագրողներ: Նախաձեռնության հեղինակ`ավագանու անդամ Դիեգո Բուֆֆոնին ներկայացրել է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործած հանցագործության պատճառներն ու հետևանքները:
Նա ասել է, որ «հետագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար կարևոր են երեք հիմնական պահանջներ. հիշողություն, ճշմարտություն ու արդարադատություն և այսօրվա միջոցառումը հենց այդ նպատակներն է հետապնդում»:
Դիեգո Բուֆֆոնիի առաջարկությամբ ավագանին միաձայն որոշել է «միանալ թիվ 26.199 Ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը հռչակում է հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր` ի հիշատակ հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանության»:
Սույն որոշման 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն, Կիլմեսում բնակվող ազգությամբ հայ պետական պաշտոնյաները և մունիցիպալ դպրոցի աշակերտները ապրիլի 24-ին «ազատ են արձակվում ցեղասպանության հիշատակման միջոցառումներին մասնակցելու համար»:
Ավագանու հատուկ նիստի ընթացքում ելույթ է ունեցել Բուենոս Այրեսի «Հայ ազգային խորհրդի» քարտուղար էդուարդո Կոզանլյանը, Կիլմեսի ավագանու նախագահ Խոսե Միգլիաչիոն և Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:
Այնուհետեւ դեսպան Կարմիրշալյանը և նրան ուղեկցող հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Կիլմեսի քաղաքապետ Ֆրանսիսկո Գուտիեռեսի հետ: ՀՀ դեսպանն ու քաղաքապետը քննարկել է Կիլմեսի և հայաստանյան քաղաքներից մեկի միջև «եղբայրական» հարաբերությունների հաստատման հնարավորությունները:
Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանի և ավագանու հատուկ նիստի մասնակիցների պատվին քաղաքապետը կազմակերպել էր ընդունելություն:
/Aysor.am/
|