«Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից «ճագարային պարբերականությամբ» արվող ռազմատենչ հայտարարությունների «ազդեցության գործոնը» (impact factor) վաղուց դարձել է ինքնաբավ: Այս պարագայում լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը փոխակերպեցին Ադրբեջանի հասկանալի ջղաձգումները` դրանք դարձնելով առավել անկանոն ու քաոսային: Ավելին, ՀՀ Նախագահի վերջին շրջանի հայեցակարգային ելույթները միտված են զսպելու Ադրբեջանի հակահայկական մետաստազները»,- այս մասին Aysor-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ, վերլուծական կենտրոնի պետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Նրա խոսքերով, վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը հետևողականորեն իրագործում է մի շարք շոշափելի քայլեր Ադրբեջանի հակահայկական քարոզչության համակարգին հավուր պատշաճի հակազդելու համար:
«ԼՂՀ-ում անցկացված զորավարժությունները, որոնք ամենամեծն էին երրորդ հանրապետության պատմության ընթացքում, կարևոր էին մի շարք առումներով: Այնուհանդերձ, ես կցանկանայի կանգ առնել հատկապես ռազմաքաղաքական բաղադրիչի վրա, որոնք, ինձ թվում է, այս պարագայում ունեին առանձնահատուկ նշանակություն»,- ընդգծեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Ըստ մեր զրուցակցի` այս զորավարժությունները բացառիկ էին, քանի որ դրանց ավարտին Նախագահի ելույթը նախորդող սթափեցման կոչերի ու ռազմի դաշտում ցույց տրված տպավորիչ պրոֆեսիոնալիզմի հերթական ցուցանքի հաջողված համադրումն էր:
/Aysor.am/
|