Վրաստանի ոչ կառավարական կազմակերպություններին մոտ աղբյուրներից «Pia.az»-ին հայտնի է դարձել, որ ադրբեջանական հեղափոխության սցենարի հեղինակները` հեղինակավոր արևմտյան կառույցների մի քանի ներկայացուցիչներ, եկող շաբաթ Թբիլիսիում հանդիպելու են ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Նշելով, որ Ադրբեջանում հեղափոխության սցենարի հեղինակները մոտեցել են Բաքվին ևս մեկ քայլով, կայքը հայտնում է, որ Արևմուտքի, այդ թվում` ԱՄՆ-ի ազդեցիկ կառույցների ներկայացուցիչները, արդեն երկու օր է` գտնվում են Թբիլիսիում:
«Հանդիպումը, որին Ադրբեջանի ընդդիմության առաջնորդների փոխարեն կարող են մասնակցել նրանց ներկայացուցիչները, տեղի կունենա եկող շաբաթվա կեսին: Հանդիպումը շատ կարևոր է, և քննարկման հիմնական թեման կապված է Ադրբեջանում հասարակական-քաղաքական իրավիճակի հետ»,- գրում է կայքը:
Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների, օրերս Ադրբեջանի ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության կենտրոնակայանում ընդդիմության առաջնորդների և Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների միջև փակ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել, ինչը խիստ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանի իշխանական շրջանակներում: /Panorama.am/
|