Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Կոնգրեսում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, Կոնգրեսի հայանպաստ խմբի համանախագահներ Ֆրենկ Փըլոնի եւ Ադամ Շիֆի, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության եւ ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպվել էր Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցում էր նաեւ ԱՄՆ-ում այս առիթով այցելությամբ գտնվող ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանի ուղեկցությամբ:
Սա ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված Արցախի անկախությանը նվիրված այսօրինակ երրորդ միջոցառումն է, սկսած 2006 թվականից: Բազմամարդ լսարանի առջեւ ելույթ են ունեցել հայանպաստ խմբի կոնգրեսականներ, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մարգարյանը: Բոլոր ելույթ ունեցողներն անդրադարձել են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին` նշելով, որ այն եղել եւ մնում է համաշխարհային արդի պատմության շարժիչ ուժը, որի շնորհիվ ՄԱԿ-ի անդամ երկրների թիվը 1947-ի 50-ի համեմատ այժմ կազմում է գրեթե 200 երկիր:
Դեսպան Մարգարյանն իր ելույթում հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր այն կոնգրեսականներին, որոնք մշտապես պաշտպանել են Ղարաբաղի ժողովրդի ազատության եւ ժողովրդավարության պայմաններում ապրելու իրավունքը:
Միջոցառմանը ներկա էին կոնգրեսականներ, երկու թեմերի հոգեւոր հայրեր, ամերիկյան հայկական կազմակերպությունների, հայ համայնքի, ամերիկյան եւ ամերիկահայ մամուլի ներկայացուցիչներ:
/Times.am/
|