Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իրանի էներգետիկայի նախարարի այցը նոր խթան կհանդիսանա հայ-իրանական կապերի ու հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման համար։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` կարևորելով Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան` վարչապետը մասնավորապես ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններում էներգետիկայի ոլորտը միշտ եղել է առաջատարներից մեկը, որը նոր հնարավորություններ կընձեռի այլ ոլորտներում ևս փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու։
Պարոն Մաջիդ Նամջուին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահի և ժողովրդի ողջույնները և հավաստել իր երկրի պատրաստակամությունը` Հայաստանի հետ ամրապնդելու և զարգացնելու հարաբերությունները, մասնավորապես էներգետիկայի ոլորտում։ Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են երկու երկրների էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերը, կարևորել արդեն ընթացքի մեջ գտնվող էներգետիկ խոշորագույն ծրագրերից մեկի` Մեղրի ՀԷԿ-ի կառուցման նախագիծը։
Նշելով, որ երկու երկրների` Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները տարեցտարի ավելի են սերտանում։ Վարչապետն ընդգծել է մինչև այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների, համագործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ երկուստեք ցուցաբերվող հետևողականությունը։
Քաղաքական համաձայնությունները, որ ամրագրվել և ամրապնդվել են երկու երկրների նախագահների միջև Իրան-Հայաստան երկաթգծի նավթամթերքների խողովակաշարի կառուցման վերաբերյալ, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, իրենց գործնական արտացոլումն են գտնում փոխգործակցության միջոցով։ Վարչապետը հույս է հայտնել, որ նմանատիպ ենթակառուցվածքների ստեղծումը բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների տնտեսությունների զարգացման համար։ Այդ առումով, կարևորվել է էներգետիկ ոլորտում նախատեսված ծրագրերի ժամանակին իրագործումը, որում երկու պետություններն էլ շահագրգիռ են։
Տնտեսական համագործակցության ոլորտում փոխադարձաբար կարևորվել են պետական ու մասնավոր հատվածի համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը, մասնավորապես` ջրային տնտեսության կառավարման, ճանապարհաշինության, հեռահաղորդակցության բնագավառներում։
/Aysor.am/
|