«Ադրբեջանցիները ցանկանում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ցանկանում են ցույց տալ ԵԱՀԿ Մինսկի խմբին ու ամբողջ աշխարհին, թե որևէ կայունություն ու խաղաղություն հնարավոր չէ, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանին հողեր չի հանձնել»: Այդ մասին Times.am-ին հայտնել է ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության անդամ Վահան Շիրխանյանը:
«Երբ սահմանի վրա զինվոր են սպանում, դրա պատասխան գործողությունները շատ պարզ են ու բոլորին հայտնի: Կարիք չկա դրանք բացատրելու: Իհարկե, հայկական կողմի պատասխանն այս դեպքում պիտի լինի համարժեք ու մի բան էլ ավել: Այսպիսի գործողություններն անպատասխան թողնել չի կարելի: Ադրբեջանին թվում է, թե եթե պատասխան չկա, իրեն ամեն ինչ կարելի է», – ասել է Շիրխանյանը` ավելացնելով, որ հայկական կողմը պետք է պատասխանի և’ ռազմական, և’ քարոզչական միջոցներով:
«Քարոզչական ոլորտում մենք ահագին բան ունենք անելու: Սփյուռքի և Հայաստանի բոլոր միջոցներով աշխարհին պետք է ներկայացնենք արցախյան հակամարտության իրական պատմությունը, քանի որ այն աշխարհին իսկապես հայտնի չէ: Եվ դա պետք է անել ամեն օր», – համոզմունք հայտնեց Վահան Շիրխանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Հարութ Աշոտի Գրիգորյանը (ծնվ. 1990թ., Ստեփանակերտի զինկոմիսարիատ):
/Times.am/
|