Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Այդ գալիքը կլինի այնքան պայծառ, որքան բարձրակարգ, նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն այսօր:
Հայաստանի հանրակրթության համակարգն այսօր ապրում է բարեփոխումների դժվարին ժամանակահատված, որ, վստահ եմ, տալու է իր դրական արդյունքները: Մենք հասնելու ենք կրթական համակարգի էական բարելավման: Այս առումով կրկնակի կարևորվում է ուսուցչի դերը, և բարձրանում նրա պատասխանատվությունը:
Ազգային հեռանկարի տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր ու շնորհակալ գործ, քան աշակերտ կրթելու և հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելությունն է:
Սիրելի՛ ուսուցիչներ, Կրկին շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում հաջողություններ: Ձեր յուրաքանչյուր փոքր թվացող հաջողությունը դասասենյակում տասնամյակներ անց անդրադառնալու է որպես Հայաստանի քաղաքացու մեծ հաջողություն իր կյանքում և մասնագիտության մեջ»:
/Aysor.am/
|