ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվ Քեսլերին, ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանին, Հետաքննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային անվտանգության պատասխանատու Լանս Լևեքյուին և իրավախորհրդատու Դավիթ Խաչատուրյանին:
Ինչպես հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարում Հայաստանի և Ամերիկայի միացյալ նահանգների իրավապահ մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Ք.Դոնովանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին համագործակցության պատրաստակամության համար և տեղեկություններ տրամադրել օրերս ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային և առողջապահական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործի մասին, որով որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ազգությամբ հայեր: ՀԴԲ-ի ներկայացուցիչը մասնավորապես տեղեկացրել է, որ 73 անձի ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, բանկային և բժշկական ապահովագրության զեղծարարությունների համար: 32 հոգի հոկտեմբերի 13-ին ձերբակալվել են: Նախաքննության տվյալներով հանցավոր խմբի անդամները ձևավորել են 118 կեղծ բժշկական կլինիկաներ, իսկ խարդախությամբ հափշտակված գումարը նախնական կազմում է մոտ 162 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ գլխավոր դատախազի հարցմանն ի պատասխան Ք.Դոնովանը խոստացել է առաջիկայում հստակ տեղեկություններ տրամադրել, թե դիտարկվող քրեական գործով ազգությամբ քանի հայ է որպես մեղադրյալ ներգրավված և քանի ՀՀ քաղաքացի: Բարձր գնահատելով հանցագործության լիարժեք բացահայտման գործում Հայաստանի իրավապահ մարմինների ցուցաբերած պատրաստակամությունը՝ Ք.Դոնովանը նշել է, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՄՆ –ն կդիմի իրավական փոխօգնության խնդրանքով:
Կարևորելով քրեական գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտումն ու հանցավոր խմբի բոլոր անդամների հայտնաբերումը՝ ՀՀ գլխավոր դատախազը ևս մեկ անգամ հավաստել է դատախազությունը պատրաստակամությունը իր լիազորությունների շրջանակներում աջակցել գործի քննությանը և իրավական փոխօգնության վերաբերյալ հարցման դեպքում ապահովել դրա հնարավորինս օպերատիվ իրականացումը:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ տեղեկատվության փոխանակման համար՝ ելնելով քրեական գործի շահերից:
/Aysor.am/
|