ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում 17 պոմպակայանների վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացնող ֆրանսիական «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության ղեկավարությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա էր նաև «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ «Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը:
Փոխվարչապետը ներկայացրեց ՀՀ կառավարության դիրքորոշումը «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության կողմից աշխատանքների կազմակերպման վերաբերյալ` նշելով դրանց առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը` հաշվի առնելով, որ պոմպակայանները պետք է գործարկվեն արդեն ոռոգման հաջորդ շրջանում: Նա կարևորեց շինաշխատանքներն իրականացնող և դրանք վերահսկող ընկերությունների համագործակցված աշխատանքը, որպեսզի հնարավոր բացթողումները ծրագրի թերի իրականացման պատճառ չդառնան, և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից Հայաստանին հատկացված գումարներն ամբողջովին ու նախատեսված կարգով ծառայեն իրենց նպատակին: Փոխվարչապետը պահանջեց, որպեսզի ընկերությունն ավելի մեծ թափ հաղորդի աշխատանքներին: Կարևորվեցին նաև աշխատանքային պայմանների անվտանգության հետ կապված հարցերը:
Ա. Գևորգյանը նկատեց, որ արևմտյան շինարարական ընկերություններին ծրագրին մասնակից դարձնելու նպատակներից էր նաև նրանց փորձը Հայաստանում կիրառելի դարձնելը:
Փոխվարչապետն ընդգծելով, որ կառավարությունն առավել ուշադրություն է դարձնում ՀՄՀ-ի ծրագրերի ընթացքին, միաժամանակ պատրաստակամություն հայտնեց աջակցել ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանը: Շինարարական ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ շինաշխատանքների կազմակերպման և նախագծերի համաձայնեցման գործընթացի մեծ մասն արդեն ավարտված է: Նրանք շնորհակալություն հայտնեցին աջակցության պատրաստակամության համար` վստահեցնելով, որ ի զորու են իրականացնել պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
/Aysor.am/
|