PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հունաստանում ընթացող այցի շրջանակներում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը և Հունաստանը ավանդական բարեկամ երկրներ են եւ մեր ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգևոր և մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ դեր վերապահեց օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը և հետագա ընդլայնմանը: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև տարբեր մակարդակներով երկկողմ այցերի ակտիվացումը` ապահովելով դրանց շարունակական բնույթը: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը, ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես, Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով: Կարևոր համարելով եվրաինտեգրման գործընթացում Հունաստանի փորձը, Հովիկ Աբրահամյանը առաջարկեց քննարկել նաև փորձի փոխանակման հնարավորությունները Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Հունաստանի խորհրդարանի կողմից 1996 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար:
Հունաստանի խորհրդարանի նախագահը համոզմունք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի այցը կնպաստի երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացմանը: Նա կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացումը: Նրա համոզմամբ` երկու երկրների ավանդական բարեկամությանը մեծապես նպաստում է համայնքների գոյությունը եւ Հունաստանում, եւ Հայաստանում:
Պարոն Պետսալնիկոսը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերն ուղղված Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը եւ ողջունեց Հայաստան-Եվրամիություն բանակցությունների ընթացքը: Նա նշեց, որ Հունաստանը մշտապես Հայաստանի կողքին է եւ ամեն ինչ կանի Հայաստանին օժանդակելու եվրաինտեգրման գործընթացում:
Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը իր հույն գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան: Հրավերը սիրով ընդունվեց: Ֆիլիպոս Պետսալնիկոսը Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
/Panarmenian.net/
|