Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի ) փոխնախագահ, Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն. Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման և հաստատման գործընթացին աջակցելու համար Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Ալգիս Կաշետան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգևատրվեց ՀՀ ԱԺ Պատվո մեդալով:
Լիտվացի հյուրին հանձնելով պարգևը` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Ալգիս Կաշետայի ներդրումը Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում և նշեց, որ նրա այցը կնպաստի Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը: Հաշվի առնելով, որ Ալգիս Կաշետան Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն է, ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այցը լուրջ ազդակ կլինի նաև միջխորհրդարանական կապերի աշխուժացման առումով:
Լիտվայի Սեյմասի փոխնախագահ, Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետան շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և ասաց , որ սա Լիտվայի Սեյմասի ու այն պատգամավորների պարգևն է, ովքեր աշխատում են հանուն երկու երկրների կապերի ամրապնդման: Ալգիս Կաշետան նշեց, որ մարդկության դեմ հանցագործությունները պետք է դատապարտվեն, և 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասը, նշելով հայ ժողովրդի ցեղասպանության 90-րդ տարելիցը, ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև, որում, դատապարտելով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կայսրությունում իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը, կոչ է արել Թուրքիային ճանաչել այդ պատմական իրողությունը:
Լիտվայի Սեյմասի փոխնախագահը վստահություն հայտնեց, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու համագործակցությունը կշարունակվեն ու կզարգանան:
/Aysor.am/
|