Ներկայումս հայ-իրանական հարաբերություններն առավելապես ընթանում են մշակութային համագործակցության մակարդակում: Սկսած 1992 թ.-ից գոյություն ունեն մի շարք երկկողմ համաձայնագրեր, կնքված տարբեր ոլորտներ ներկայացնող պատվիրակությունների կողմից, որոնք, սակայն, չեն իրականացել կամ կյանքի են կոչվել մասնակիորեն: Այժմ առավել կարևորվում են տնտեսական ոլորտում, ինչպես նաև ռազմական համագործակցության նախաձեռնությունները: Նշենք, որ Հայաստանն Իրանի համար հանդիսանում է ստրատեգիական կարևոր գործակից, և Հայստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տարածաշրջանում մեր երկրի դիրքերի կայունությունը բխում է Իրանի անվտանգության շահերից: Այս առումով, ինչպես հայտնի է, Ադրբեջանի հանրապետությունում դեռ վաղուց վարվում է Իրանի Ատրպատականը` որպես ադրբեջանական մի մաս համարելու քարոզչություն, որը ներմուծվում է նաև հնագույն պատմական և քաղաքակրթական արժեք ներկայացնող Ատրպատական, որտեղ ապրում են թյուրքախոս, սակայն էթնիկ իրանցիներ: Վերջիններս մարդաբանական և մշակութային հենքի բոլոր պարամետրերով իրանցի են: Ցավոք, մինչ այժմ, հատկապես հասարակ ժողովրդի շրջանում, թյուրքախոսությունը դարձել է ազգային ինքնագիտակցության հիմնական չափորոշիչը, և նրանցից շատերն իրենց թյուրք են անվանում, թեպետ զտարայուն իրանցիներ են: Իսկ ինքնագիտակցության խնդիրը ժամանակակից աշխարհում, ինչպես հայտնի է, էթնիկությունը որոշարկելու կարևորագույն գործոնն է, և ադրբեջանական ազգային նենգափոխության քարոզչությունն իր ազդեցությունն է գտնում հյուսիսարևմտյան իրանական տարածքներում: Այս գործընթացն իր նպաստն է գտնում նաև Իրանում որոշակի շրջանակների կողմից տարվող պանթյուրքիստական քաղաքականության շնորհիվ: Այս տեսակետից հայ-իրանական հարաբերություններն առավել, քան կարևոր են հենց Իրանի համար: Մյուս կողմից, հայ քաղաքականության, ինչպես նաև քարոզչական մեխանիզմների մեջ սույն երկու` Ադրբեջանի հանրապետության և Իրանի Ատրպատականի բնակիչներին պետք է անվանել հստակորեն` առաջիններին` ադրբեջանցի, իսկ ատրպատականցիներին` ազարի:
Համագործակցության կարևոր բնագավառներից է նաև կրթությունը, այս ոլորտի ընդլայնումը, որը, ցավոք, վերջերս կրեց հետընթաց վիճակ: Իրանը, ելնելով ինչ-ինչ պատճառներից և պայմաններից, դադարեց ճանաչել Հայաստանում որակավորում ստացած իրանցիների դիպլոմները, ինչի արդյունքում արդեն իրանցիների մի ստված զանգված մեկնում է Տաջիկստան և Ադրբեջան` կրթությունը շարունակելու հատկապես ասպիրանտուրայում: Մինչդեռ Հայստանում իրանագիտական դպրոցի առաջընթացն ու կայացած լինելու փաստը, մեր երկրում իրանագիտության հեղինակությունը պայմանավորված է ոչ միայն տարածաշրջանային, այլ միջազգային ասպարեզում ճանաչված լինելով: Այս առումով հատկապես էական են ՀՀ կրթության նախարարության քաղաքականությունը և այս դաշտում համագործակություն գտնելու միջոցները:
Նման կարևոր խնդիրների գիտակցմամբ հայ-իրանական հարաբերությունները պետք է մղվեն իրատեսական դաշտ` ապահովելով երկուստեք պետական բարձր հովանի և համաձայնագրերն իրականացնելու կամք ու նախաձեռնություն:
Թադևոս Չարչյան բ.գ.թ., ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի ասիստենտ
/Times.am/
|