PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-19-ը Երեւանում ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության հետ համատեղ հրավիրում է ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովը, որին կմասնակցի շուրջ 100 մասնագետ աշխարհի 10 երկրներից:
Համաժողովի նպատակն է ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը:
Ըստ սփյուռքի նախարարության մամլո հաղորդագրության, բացմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կենտրոական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ կառավարության անդամներ եւ այլ պաշտոնատար անձինք:
Նախատեսվում են զեկույցներ «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացումները. մարտահրավերներ եւ ձեռքբերումներ», «Հայաստանի բանկային համակարգը որպես back-office ծառայություններ մատուցող. սահմանափակումներն ու հնարավորությունները», «Ֆինանսական կրթության խնդիրները Հայաստանում», «Սփյուռքի մասնագիտական ներուժը ՀՀ ֆինանսական ինստիտուտների կառավարման գործընթացներում» թեմաներով:
Համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Փարաջանովի անվան տուն-թանգարան:
/Panarmenian.net/
|