Նա միշտ առաջևից էր գնում վտանգին ընդառաջ և իր հետևից տանում մյուսներին: Նրա վերջին կռիվը Լաչինում էր: Մերոնք օգնական ուժեր էին խնդրել, նրանք ստիպված էին դիմահայաց գնալ դեպի թշնամին: Արմանենց մեքենան զենք էր հասցնելու ճակատ: Տղերքը սպասում էին: Արմանը այս անգամ էլ սովորության համաձայն պատասխանատվությունն իր վրա էր վերցրել և նստել մեքենայի ղեկին: Թշնամին մի կիսավեր շինության մեջ դարանակալել էր, և անակնկալ կրակ բացեց: Ճանապարհը անձրևոտ էր, սայթաքուն, նռնակների պայթյունից մեքենան գլորվեց ձորը…
Արմանը ծնունդով Արտաշատից էր: Նրա հայրը` Հայկազ Պողոսյանը, իր որդիներին, բացի Արմանից նա ևս երկու որդի ուներ, դաստիարակել էր որպես իսկական հայրենասերների: Տղաները դեռ մանկուց էին պատրաստվել Հայրենիքի համար սեփական անձի զոհաբերությանը:
Արմանը զինվորական ծառայությունն անց էր կացրել Աֆղանստանում, որտեղից ուղարկած նամակներում միշտ գրում էր, թե այնտեղ ոչ մի կռիվ էլ չկա, հանգիստ ծառայում են: Լրատավմիջոցները, սկայն, այլ բան էին ասում ու խեղճ մայրը չգիտեր, թե ու՞մ հավատա: Բայց մայրը վստահում էր իր որդու արիությանը: Եվ Արմանն Աֆղանստանից վերադարձավ «Կարմիր աստղի» շքանշանը կրծքին:
- Եթե Արմանը չլիներ, հիմա զոհված կլինեի, - ամեն առիթով պատմում էր սպիտակցի Արայիկը: Աֆղանստանում Արմանն իր մարմնով էր ծածկել նրան նռնակի բեկորներից: Արմանը վիրավորվել էր, իսկ Արայիկին ոչինչ չէր պատահել:
Արմանն իր ծառայության և հերոսությունների մասին պատմել չէր սիրում: Նրա մահից հետո են միայն եղբայրները մարտական ընկերներից իմացել, որ Արմանն Աֆղանստանում վիրավորվել էր, որ անձնազոհաբար ու խիզախորեն մահվան ճիրաններից ազատել մոջահեդների կողմից շրջափակման մեջ առնված տեղացիներին:
1988 թվի Սպիտակի երկրաշարժից հետո Արմաը, կամավորական- փրկարարական ջոկատի կազմում, մեկնում է երկրաշարժի գոտի, իսկ այնուհետև ամբողջապես նվիրվում Արցախի ազատագրման սուրբ առաքելությանը: Արցախյան պատերազմից նա նույնպես ոչինչ չէր պատմում, միայն հաճախակի կրկնում էր. «Հաղթելու ենք, ազատգրելու ենք մեր Արցախը»:
Արման, քո խոսքերը իրականություն են դարձել: Ափսո~ս, որ չտեսար ազատագրված մեր Արցախը: Հիմա, պայթյունների փոխարեն, այնտեղ հնչում են հայկական հաղթական երգերը, լսվում նորածինների ճիչերն ու մանուկների երջանիկ ծիծաղը:
Տարիներ են անցել: «Կարմիր աստղի» կողքին այսօր «Արիության» շքանշանն է շողշողում քո նկարի մոտ` որպես քաջության, հայրենասիրության և անձնազոհության խորհրդանիշ: Արտաշատի փառքի պուրակը կրում է Արման Պողոսյանի անունը: Նրա կիսանդրու մոտ միշտ թարմ ծաղիկներ են լինում, որով համաքաղաքացիներն իրենց երախտիքն են հայտնում մեր սուրբ հողերի ազատագրման պայքարում ընկած հայորդուն:
Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆ