PanARMENIAN.Net - «Ցավոք, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին վերջին պահին որոշեց, որ չի դնի 252 բանաձևը քվեարկության, թեև խոստացել էր: Սակայն, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կրկին կմտնի Կոնգրես, և ես կարծում եմ, այս անգամ շանսերն ավելի մեծ կլինեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Կոնգրեսի նոր կազմը նախորդից ուժեղ կլինի, իսկ 2011թ. բարենպաստ կլինի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար:
«Նոր Կոնգրեսում բանաձևին կսատարեն ոչ միայն հունական ու կիպրոսյան լոբբիները, որոնք ավանդաբար համագործակցում են հայկական լոբբիի հետ, այլ նաև, ինչը շատ կարևոր է, հրեական լոբբին, ինչը ավելացնում է մեր շանսերը: Նոր գումարման Ներկայացուցիչների պալատի մթնոլորտը հակաթուրքական է լինելու: Ինչ վերաբերում է նոր խոսնակ Ջոն Բեյնորին, ապա նա ոչ թե հայերի դեմ է տրամադրված, այլ թուրքամետ է: Սակայն, ես կարծում եմ, որ նա կփոխի իր դիրքորոշումը»,-ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կարող է պատժել Թուրքիային, ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դա վատագույնն է, ինչ կարող է տեղի ունենալ Թուրքիայի համար:
/Panarmenian.net/
|