| 2009 թվականի հոկտեմբերին Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրմամբ Շվեյցարիայի միջնորդությունը սպառվել է: Այսօր Երևանում նման հայտարարությամբ հանդես եկավ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Քալմի-Ռեյը: Նա միաժամանակ նշեց, որ Շվեյցարիան անտարբեր չէ և շարունակում է հետաքրքրվել գործընթացի ճակատագրով: 
 «Շվեյցարիան ցանկանում է, որ վավերացման գործընթացը վերսկսվի և պատրաստ ենք անել այն ամենը, ինչը կարող է երկու կողմերին քաջալերել»,- նշեց տիկին Քալմի-Ռեյը: 
 Իր հերթին , ՀՀ ՀՀ նախագահն ասուլիսում տեղեկացրեց, որ շվեցարացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարել են նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացին, որի դինամիկան, ըստ ՀՀ նախագահի, քաջ հայտնի է շվեցարական կողմին: 
 Սերժ Սարգսյանը նշեց, որ երախտիքի խոսք է ասել գործընկերոջը` կարգավորման գործընթացում իր երկրի ու անձամբ իր ներդրած միջնորդական ջանքերի համար: Հանրապետության ղեկավարը, մանրամասնելով կայացած զրույցը, ասաց. «Ափսոսանքով նշեցի, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից և նման գործելաոճով արժեզրկում թե մեր նախաձեռնությունը, և թե գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը»: 
 /Panorama.am/ |