Առաջին անգամ Հայաստանում աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգի ավարտին ելույթ կունենա նաև «Փարոս» երգչախումբը, որի անդամները ֆիզիկական թերություն ունեցող երիտասարդներ են:Այս մասին տեղի ունեցած ասուլիսում ասաց «Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը:
Այսօր` Հաշմանդամների համաշխարհային օրը, անդրադառնալով ֆիզիկական թերությունով ապրող անձանց, Ա.Ալավերդյանն ասաց, որ վերջիններս ունեն մշակութային կյանքով ապրելու խնդիր. Հայաստանում միայն «Նարեկացի» արվեստի միությունն ու Կամերային երաժշտության տունը, իսկ թանգարաններից միայն «Գաֆեսճեան թանգարանն» է, որ հարմարեցված են հենաշարժական խնդիրներ ունեցողների համար:
«Թվում է` որոշ երկներում խնդիրնեըը լուծված են, ու ֆիզիկական միջավայրը մատչելի է բոլորի համար, բայց իրականում այդպես չէ: Օրինակ` Շվեդիայում բողոքում են, որ չեն կարողանում գնալ ցանկացած սրճարան, իսկ մեր սիրելի Հայաստանում նույնիսկ հարմար տրասպորտ չունենք: Մի հատ ավտոբուս կար, որն աշխատում էր մեկ ուղղությամբ միայն, բայց լավ կլիներ` դա էլ չլիներ, եթե նորմալ չէր աշխատելու»,- ասաց նա:
Ա.Ալավերդյանի խոսքով` հենաշարժողական համակարգի խնդիր ունեցողների համար շենքերը պետք է կառուցվեն ունիվերսալ դիզայնով` ունենան անխոչնդոտ մուտք`90 սմ լայնքով, պետք չէ սարքել թեքահարթակ, հետո մտածել` ոնց քանդել, ընդ որում` մուտքն էլ պիտի լինի առանց աստիճանների: Մինչև վերելակ ոչ մի աստիճան պետք չէ, իսկ վերելակը պիտի լինի խորը, որ սայլակը տեղավորվի ու լայն դռներով:Սանհանգույցները նույնպես պետք է մատչելի լինեն:
Ա.Ալավերդյանը նշեց նաև, որ եթե ներկայում 180.000 հոգուց աշխատում է միայն 100-ը, այն էլ հիմանականում բջջային օպերատորների ցանցում, ապա չի նշանակում, որ հաշմանդամների զբաղվածության խնդիրը լուծված է: /Aysor.am/
|