Եվլախի բնակիչ, ոստիկանության նախկին մայոր Սալման Մուստաֆաևը Ադրբեջանում սենսացիոն բնույթի աննախադեպ քայլ է կատարել: Նա Հեյդար Ալիևի կողմից իրեն տրված «Արիության համար» մեդալը վերադարձրել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովին: Այս մասին հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Ըստ թերթի, այդ մասին Ռ. Ուսուբովին հղած նամակում ասվում է, որ Ս. Մուստաֆաևը գրել է, թե ինքը հանդիսանում է Չեռնոբիլի աղետի և Ղարաբաղի պատերազմի վետերան: 4 անչափահաս երեխաների հայր մայորը հետագայում աշխատել է Նախիջևանի ինքնավար հանրապետության ներքին գործերի նախարարությունում` որպես գլխավոր օպեր լիազոր:
2002 թ-ի հունիսի 30-ին Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը նրան «Արիության համար» մեդալ է հանձնել: Մեդալը ստանալուց մեկ տարի հետո, ինքնավար հանրապետության ղեկավարության պատվերով իր դեմ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն ցուցաբերելու, բռնանալու և սպառնալու» հոդվածով քրեական գործ է հարուցվել:
«Դատավորն իմ նկատմամբ ազատազրկման վճիռ կայացրեց: Նա խոստովանեց, որ իմ նկատմամբ անարդարություն և ապօրինություն է թույլ տալիս, սակայն, եթե ինձ չպատժի, ապա ինքը կհայտնվի իմ տեղում», -նամակում հայտնել է Ս. Մուստաֆաևը:
Ոստիկանության նախկին մայորը պատմել է, թե ինչպիսի խոշտանգումների, հոգեբանական և ֆիզիկական անմարդկային ճնշումների է ենթարկվել նախիջևանյան բանտում:
Սակայն, նա ավելի շատ դժգոհել է ներկայում Ադրբեջանում տիրող իրավիճակից: «Երկրում ժողովրդի հարստությունը, բյուջեի միջոցները թալանվում են թշնամու ունեցվածքի նման: Սոցիալական անարդարության, իշխանությունների կամայականություների պատճառով ամեն օր տասնյակ մարդիկ վերջ են տալիս իրենց կյանքին: Հանրապետությունում օրեցօր աճում է կոռուպցիան և կաշառակերությունը: Առևտրի բնագավառում ահռելի չափերի հասած կաշառակերությունը դարձել է բոլոր ապրանքների գների բարձրանալու պատճառը: Պաշտոնյաները քաղաքացիներին մարդու տեղ չեն դնում, չեն ընդունում նրանց: Դրանից նյարդայնացած` ամեն օր տասնյակ մարդիկ են մահանում սրտի կաթվածից: Ամեն տեղ նմանը չունեցող կամայականություն, չարախոսություն, խնամիականություն, անաստվածություն է տիրում և ոտնհարվում պետականության սկզբունքները», -դժգոհել է նա:
«Արիության համար» պարգևատրված մայորը, ի նշան բողոքի, Ադրբեջանի իշխանության հիմնադիր Հեյդար Ալիևի ստորագրությամբ իրեն տրված մեդալն ու վկայականը նամակով վերադարձրել ներքին գործերի նախարարություն:
/Panorama.am/
|