«Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ եղած մթնոլորտը հօգուտ հայկական կողմի է փոխվել, իսկ Ադրբեջանի ղեկավարն այժմ հումանիտար միջանցքի կարիք ունի», - այսօր ասուլիսի ժամանակ վերլուծելով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները` հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Ըստ բանախոսի, տարվա ընթացում հայկական կողմը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, ցուցաբերեց վճռականություն և ցույց տվեց, որ ցանկացած նկրտումներ` խնդիրը ուժային ճանապարհով լուծելու, հեռանկարային չեն:
«Ավելին ասեմ, տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը հայտնվել է փոքր-ինչ փակուղային իրավիճակում, և մեր դիվանագիտությունը, ու միջազգային դիվանագիտությունը ևս պետք է փորձեն պարոն Ալիևին այդ մարգինալ իրավիճակից դուրս բերել ու հումանիտար միջանցք ստեղծել, որպեսզի նա կարողանա չկորցնել իր դեմքը, իր արժանապատվությունը` նահանջելու իր դիրքերից»,- ասաց քաղաքագետը:
Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարության կոշտ հռետորաբանությունն ու դիրքորոշումները զուրկ են հեռանկարից: Փորձագետի խոսքերով` Ալիևի նման պահվածքը մի քանի գործոնով է պայմանավորված. «նախ իշխանության է ձգտում, ապա նրա կլանը ներգրավված է զինամթերքի առք ու վաճառքի մեջ, որն ավելի շահաբեր է, քան նավթի առևտուրը»:
«Թույլ տամ ինձ նման մի վարկած, որը նրան դրդում է նման դիրքորոշում ցուցաբերել»,- եզրափակեց Գ.Հարությունյանը:
/Aysor.am/
|