Գորիսում այսօր տեղի ունեցավ վերակառուցված բժշկական կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա գտնվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Բժշկական կենտրոնը ստեղծվել է Գորիսի Ռ.Յոլյանի անվան հիվանդանոցի և Ա.Ամիրյանի անվան պոլիկլինիկայի միաձուլման ադյունքում: Կենտրոնի օպտիմալացման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում:
Բացման արարողությանը իր ողջույնի խոսքում ՀՀ առողջապահության նախարարն ընդգծեց, որ Գորիսի բժշկական կենտրոնի բացումը համահունչ է ՀՀ նախագահի` մարզերի համաչափ զարգացման ծրագրին: Նա նկատեց, որ այս տարվա ընթացքում Գորիսի բժշկական կենտրոնը Հայաստանում բացված նման բուժհաստատություններից հինգերորդն է:
«Սպասվում է, որ մոտակա ժամանակներում նման կենտրոններ կբացվեն նաև Կապանում և Մեղրիում», - հայտնեց նախարարը` կարևորելով ծրագրի շարունակելիությունը:
«Մեր նպատակն է կտրուկ բարձրացնել բուժօգնության որակը` հատկապե կարիքավոր խավերի համար, բարձրացնել վստահությունը դեպի մարզային առողջապահությունը», ընդգծեց նախարարը:
Բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների համար կատարվել է շուրջ 867 , 6 հազար դրամի ներդրում, ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1 միլիարդ դրամ: Հիվանդանոցում ներկայումս աշխատում է 76 բժիշկ, 162 միջին բուժաշխատող, 29 կրտսեր:Մահճակալների ընդհանուր թիվը 110 է: /Aysor.am/
|