Գործարկվել է ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջի «Սումգայիթ» բաժինը (www.genproc.am/sumgait), որտեղ կարող եք ծանոթանալ 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերին: Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Մասնավորապես կայքում տեղադրվել են ականատեսների, տուժողների, նրանց հարազատների և իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ ու փաստաթղթեր, սպանվածների, առևանգվածների և անհայտ կորածների ցուցակները: Ինտերնետային էջում հրապարակվել են նաև այն անձանց, նրանց թվում Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցների ցուցակները, ովքեր մեղադրվում են հայկական գյուղերում հայերի բնաջնջման քաղաքականությանը մասնակցելու, հայերի նկատմամբ իրականացված վայրագություններն անմիջականորեն իրագործելու մեջ և գտնվում են հետախուզման մեջ:
Էջում տեղակայված տեղեկատվությունը հնարավորինս կանոնակարգվել է` շնորհիվ ստեղծված ենթախորագրերի՝ հաշվի առնելով մարդկության դեմ հանցագործության տեսակները և աշխարհագրությունը: ՙՍումգայիթ՚ էջն ունի 4 բաժին՝ իր ենթաբաժիններով՝ ըստ կատարված հանցագործությունների տեսակների և վարչական տարածքների: Մասնավորապես՝ «Սումգայիթ» բաժնում կարող եք ծանոթանալ հայերի սպանությունների, բռնաբարությունների, կիրառված բռնությունների և հափշտակությունների վերաբերյալ ականատեսների վկայություններին, տուժածների և իրավահաջորդների ցուցմունքներին, «Փաստաթղթեր» բաժնում՝ քրեական գործի նյութերն ամփոփող արդեն իսկ գաղտնազերծված տեղեկանքներին: «Լեռնային Ղարաբաղ» բաժնում՝ քրեական գործի նյութերը տեղադրվել են ըստ վարչատարածքային միավորների, իսկ «Գետաշենում»` տուժածների և վկաների ցուցմունքները: Կարծում ենք մշակված կառուցվածքը ավելի դյուրին կդարձնի տեղեկատվություն ստանալու գործընթացը:
1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն սկսվել էին մոտ մեկ տարի առաջ՝ 2009թ. սեպտեմբերին, և իրենց մեջ ներառում են մի քանի հազար փաստաթուղթ:
Էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվել են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, որին աջակցել են նաև մի շարք կամավորներ, իսկ ինտերնետային էջի մշակումն իրականացրել է ծրագրավորող Արամ Մխիթարյանը: Կայքէջի տեղեկատվությունը պարբերաբար կհամալրվի քրեական գործերի նյութերով, փաստաթղթերով, ինչպես նաև բաժիններով: Մասնավորապես էջում առաջիկայում կավելանա «Բաքու» բաժինը, որտեղ կտեղադրվեն Բաքվից գաղթած հայ փախստականների դիմումներն ու վկայությունները՝ Ադրբեջանի մայրաքաղաքում՝ Բաքվում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների վերաբերյալ:
Հարկ է նշել, որ վկայություններն ու ցուցմունքները տեղադրված են մասնակի կրճատումներով: Համաձայն քրեական գործերի նյութերի` հայերի նկատմամբ իրականացված ջարդերը կրել են կազմակերպված բնույթ՝ այդ թվում Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ՝ նախազգուշացնելով տեղի ազգաբնակչությանը չպատսպարել և չթաքցնել ազգությամբ հայ հարևաններին՝ սպառնալով հակառակ պարագայում վրեժխնդիր լինել: Նկատի ունենալով, որ ըստ վկայությունների, առանձին դեպքերում հայերին հաջողվել է փրկվել ադրբեջանցի կամ ռուս հարևանների շնորհիվ և օգնությամբ, չեն հրապարակվում Ադրբեջանում բռնությունների ենթարկված հայերի կոնկրետ հասցեները և նրանց օգնության ձեռք մեկնած ադրբեջանցիների անունները՝ վերջիններիս անվտանգությունից ելնելով:
Կարծում ենք արխիվային այս նյութերը օգտակար կլինեն ինչպես պատմագիրների, այնպես էլ քաղաքական գործիչների և ընդհանրապես հասարակության լայն շրջանակների համար, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ճիշտ ըմբռնել և գնահատել պատմական իրադարձությունները:
/Panorama.am/
|