Հինգշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը հայտարարություն է ընդունել Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակի, ինչպես նաև Հայաստան - ԵՄ հարաբերությունների ներկա փուլի մասին: հայտարարության նախագիծը մինչև Եվրոպական խորհրդարանում ընդունվելը պարունակում էր մի շարք կոշտ ձևակերպումներ, որոնք ընդունված փաստաթղթում տեղ չեն գտել:
Նշենք, որ հայկական կողմից խորհրդարանական այս քննարկումներին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Եթե դիտարկենք ամբողջ փաստաթուղթը, ապա ընդհանուր առմամբ այն դրական է: Հայաստանի առաջընթաց է նշվում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, տնտեսությունը: Բայց ինչ վերաբերվում է տեղեկատվական դաշտում տիրող իրավիճակի կամ արդարադատության համակարգի թերությունների մասին, ապա այստեղ, իհարկե, կան շատ խիստ գնահատականներ», - հայտնել էր նախքան փաստաթղթի ընդունումը «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով Բրյուսելում իր թղթակից Դան Ալեքսին:
Համաձայն ընդունված փաստաթղթի` Եվրախորհրդարանը կոչ է անում Հայաստանին «գործնական քայլեր ձեռնարկել բիզնեսի և քաղաքականության տարանջատման ուղղությամբ»:
Բացի այդ, Եվրախորհրդարանի անդամները հայաստանյան իշխանություններին հորդորում են ն «ոստիկանության կողմից իրականացվող ձերբակալությունների և հարցաքննությունների պրակտիկան համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին»: /Aysor.am/
|