PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ-ում նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Սթիվեն Վանակերեի հետ: Հայաստանի եւ Բելգիայի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստան–ԵՄ հարաբերությունները եւ դրանց առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարարները նշեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ԱԳՆ-ների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների եւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման կարեւորությունը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոհիշյալ ուղղություններով առաջընթաց ապահովելու համար համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ:
Մշակութային համագործակցության շուրջ քննարկումների ենթատեքստում Բելգիայի արտգործնախարարը բարձր գնահատեց Պողոսյան ընտանիքի կողմից Բրյուսելում Վիլլա Ամպեն մշակութային կենտրոնի հիմնադրումը` որպես կարեւոր ներդրում Բելգիայի մշակութային կյանքում:
Նախարար Վանակերը ներկայացրեց Բելգիայում տեղի ունեցող գործընթացները` ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ջանքերը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, իր բելգիացի գործընկերոջ խնդրանքով՝ Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների եւ ընդունված հնգակողմ հայտարարության մասին:
Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ: Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր բելգիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:
Ավարտելով այցելությունը Բրյուսել՝ Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Մոսկվա, որտեղ տեղի են ունենալու ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերը:
/Panarmenian.net/
|