Թուրքական «Doğan» (Դողան) լրատվական գործակալության տեղեկացմամբ` այն բանից հետո, երբ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ-BDP) հայտնեց, որ իր նախընտրական ցուցակում ընդգրկելու է նաև հայ թեկնածուի, խորհրդարանական ընտրություններին պատրաստվող կուսակցությունները սկսեցին իրենց թեկնածուների շարքերը համալրել ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներով:
Արդյունքում, նույն աղբյուրի համաձայն, ստացվել է հետևյալ պատկերը. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից առաջադրվելու են Մելքոն Քարաքյոշեն և Հերման Բալյանը: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջադրելիք հայ թեկնածուն Արև Ջեբեջին է: Մեկ այլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախընտրական ցուցակում ներկայացված է Գեղամ Կարապետյանը, ով 2007-ի ընտրություններին ևս առաջադրված է եղել: Քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) հայազգի թեկնածուն արդվինցի Իսմեթ Շահին է:
Իսկ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն սպասում է, որ Էրդողանի ղեկավարած կուսակցությունից թեկնածության առաջադրման հրավեր ստանա: «Պրն վարչապետը եթե կամենա, առաջարկը կլինի: Ես միշտ պատրաստ եմ»,- ասել է Հայոց ցեղասպանությունն ուրացած այդ հայը: Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հունիս 12-ին:
/Pnaorama.am/
|