Այս պահի դրությամբ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 252-րդ բանաձևը չի ընդգրկվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ, սակայն տեսականորեն օրակարգ ընդգրկվելու հնարավորությունը դեռ կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը:
Ըստ նրա` անկախ նրանից բանաձևը կդրվի օրակարգ, կքվեարկվի, թե ոչ` Ամերիկայի հայկական համագումարը շարունակելու է այդ ուղղությամբ աշխատանքը:
Բանախոսը շեշտեց, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը այն խնդիրը չէ, որը խարխուլ հիմքերի վրա է, որի ժամանակ կարելի է փորձել օգտագործել թուրք-իսրայելական լոբբիների միջև հակասությունները կամ նպաստավոր պահ գտնել բանաձևն անցկացնելու համար: Սա մարդու իրավունքների հետ առնչվող այն սկզբունքային խնդիրն է, որ անկախ քաղաքական զարգացումներից կարելի է հասնել ճիշտ, մաքուր ճանապարհով, կարծում է Արմինա Դարբինյանը:
«Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը կարևոր է Միացյալ նահանգների, նաև նախագահ Բարաք Օբամայի համար ավելի շատ, քան մեզ համար»,- շեշտեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրենը: /Aysor.am/
|