Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը ԲԽ հայաստանյան գրասենյակի աշխատակազմի կողմից շնորհավորում է գալիք ամանորյա տոների առիթով և ամփոփում 2010 թվականին գրասենյակի իրականացրած գործունեությունը:
«2010 թվականը հետաքրքրական տարի էր, լի փոփոխություններով, մարտահրավերներով, և նոր հնարավորություններով` Միացյալ Թագավորության կառավարության փոփոխություն և նոր առաջնահերթությունների ու ուղղությունների ձևավորում, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, հրաբխի անկանխատեսելի երևույթ Իսլանդիայում, որն իր հերթին բերեց օդային երթևեկության խափանմանը… Չնայած տեղի ունեցող փոփոխություններին Հայաստանում Բրիտանական խորհրդի աշխատակազմը շարունակում էր իր աշխատանքը` հայ հասարակությանը ներկայացնելով Միացյալ Թագավորության նորարար, ստեղծագործ և բազմազան գաղափարներն ու փորձը, ՄԹ-ի և Հայաստանի միջև հաստատելով փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում:
Մեր արվեստի բնագավառի ծրագրերի միջոցով ՄԹ-ի Oxford Playhouse և Imitating the Dog հայտնի թատերախմբերը Հայաստանում ներկայացրեցին երկու հետաքրքրական բեմադրություն: Մենք սկսեցինք ժամանակակից բրիտանական երաժշտության ընտրանին ներկայացնող Selector միջազգային ռադիոհաղորդման հեռարձակումը Հայաստանում: ՄԹ-ի կինոարտադրության վերջին զարգացումները հայ հանդիսատեսին ներկայացրեցինք Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնի, Ոսկե Ծիրան և Ռեանիմանիա կինոփառատոնների հետ համագործակցության արդյունքում:
Հմտությունների զարգացումը շարունակում էր մնալ 2010 թվականի առաջնային ուղղություններից մեկը: Մենք կազմակերպել ենք դասընթացներ անգլերեն դասավանդողների համար և առաջարկել առցանց ռեսուրսներ տարբեր տարիքային խմբերին: Միջին մասնագիտական կրթության ոլորտում մենք շարունակել ենք կերտել համագործակցություն քոլեջների միջև և աշխատել ենք բիզնեսի և միջին մասնագիտական կրթության ոլորտների միջև համագործակցության խորացման ուղղությամբ: Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող "Եվրամիություն. հմտություններ և համագործակցություն” ծրագրի միջոցով մենք քաղաքացիական ծառայողների համար կազմակերպել ենք դասընթացներ` փոխանցելով անհրաժեշտ հմտությունները Եվրամիությանն ինտեգրման գործընթացում արդյունավետ բանակցություններ ծավալելու նպատակով:Այս տարի մենք սկսեցինք Active Citizens ծրագիրը Վայոց Ձորի մարզում: Այս ծրագրի նպատակը տեղական համայնքի անդամների հմտությունների զարգացումն է, ինչպես նաև միջազգային կապերի հաստատումը` փորձի փոխանակման և համաշխարհային մարտահրավերներին միացյալ ուժերով դիմակայելու համար:
Մենք սկսեցինք մեր «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրամիությունը: Ծրագրի նպատակն է միջմշակութային երկխոսության հաստատումը Հայաստանի և Եվրոպայի միջև միմյանց երկրների մշակութային հարստությունից ոգեշնչված հայ և եվրոպացի դիզայներների հավաքածուի միջոցով: Ծրագիրն իրականացվում է Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի, Չեխական կենտրոնների ու Նորաձևության հայկական խորհրդի հետ համագործակցությամբ: Մեր քննությունների միջոցով մենք միշտ փորձում ենք հայ մասնագետներին ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող որակավորումներ ձեռք բերելու հնարավորություններ: Այս տարի մենք դարձանք Chartered Financial Analyst (CFA) ինստիտուտի քննությունների անցկացման մշտական կենտրոնը: Մենք սկսեցինք նաև Chartered Institute of Management Accountants (CIMA) քննությունների անցկացումը Հայաստանում:
Թվարկելով մեր հաջողությունները, ես կցանկանայի հատկապես շեշտել, որ դրանք մենք կիսում ենք մեր գործընկերների և աջակիցների հետ: Օգտվելով այս հնարավորությունից` շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին, գործարարներին և միջազգային կազմակերպություններին, որոնց հետ աշխատել ենք, ձևավորել նոր գաղափարներ և կյանքի կոչել մեր ծրագրերը: Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի նաև 2011 թվականին», - ասված է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: /Aysor.am/
|