PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացավ Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության երկրորդ հանդիպումը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը և արտաքին գործերի նախարարության ու ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության աշխատակիցներ: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Մարդու իրավունքների հարցերով ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցչի Անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկան:
Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության երկրորդ հանդիպումն անցավ բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում արծարծվեց փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Ամփոփելով մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջին հանդիպման արդյունքները՝ հայկական պատվիրակությունն անդրադարձավ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակին` մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգին և դրա կիրարկմանը, դատական համակարգի գործունեությանը, միավորումներ կազմելու և հավաքներ անցկացնելու ազատությանը, արտահայտվելու և մամուլի ազատությանը, ընտրություններին և ընտրական համակարգին, կրոնի և հավատքի ազատությանը, բանտարկյալների իրավունքներին` ներառյալ խոշտանգումների, դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարին առնչվող հարցերին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև միջազգային ատյանների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական Միության միջև մարդու իրավունքների խրախուսմանն ուղղված համագործակցության հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
/Panarmenian.net/
|