Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդերքի շահագործման վերահսկողությունը գնահատեց ոչ բավարար. «Բավարար չեմ գնահատում այսօրվա վիճակով, հակառակ դեպքում` նման նախաձեռնություններ չէին լինի (խմբ. ՎՊ ստուգումները): Նշանակում է, բավարար չէ»:
ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի կողմից վերջերս Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված իրավախախտումների վերաբերյալ Ա. Մովսիսյանը նշեց, որ ստեղծված է աշխատանքային խումբ` արտադրողների և պալատի հետ, որը բոլոր խնդիրները վեր կհանի, ապա դրանք կներկայացվեն հանրությանը:
Անդրադառնալով 2010 թ. ընթացքում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ձեռքբերումներին, նախարարը նշեց, որ արդյունահանվել է շուրջ 18 մլն 700 հզ. տոննա հանքաքար, ինչը 16 %-ով ավել է, քան նախորդ տարի:
Ա. Մովսիսյանի խոսքով, այս տարվա ընթացքում արդյունահանվել է 116 հզ. 466 տոննա պղնձի խտանյութ, որը 32,6 %-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, 8993 տոննա մոլիբդենի խտանյութ (2009 թ. համեմատ ավել է 0.2 %-ով), իսկ բազմամետաղային խտանյութի քանակը 2009-ի համեմատ 2010-ին ավել է եղել 198 %-ով և ցինկը` 221 %-ով: Ա. Մովսիսյանի համաձայն` ընդամենը խտանյութի արտադրությունը 2009 թ-ի համեմատ 2010-ին ավել է եղել 36.4 %-ով: Դրամային տեսքով այս տարի արտադրվել է 140 մլրդ դրամի խտանյութ, որը 2009 թ. ցուցանիշը գերազանցում է շուրջ 59 %-ով:
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո տեսնում եք, թե հանքարդյունաբերությունը ինչ թափով է սկսել զարգանալ»,- ընդգծեց Ա. Մովսիսյանը:
/Aysor.am/
|