CNN հեռուստաընկերությունը հունիսի 15-ի երեկոյան հեռարձակել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ: ՀՀ վարչապետի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած ազդեցությանն ու ձեռնարկված քայլերին վերաբերող հարցին ՀՀ վարչապետը պատասխանում է.
-Առաջինը, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով: Ճգնաժամին մեր պատասխանը կենտրոնացավ երեք հիմնական ուղղությունների վրա` տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում: Հուսով ենք` շարունակական բարեփոխումների ջանքեր գործադրելով` մենք ի վիճակի կլինենք բարելավել բիզնես միջավայրը և հաղթահարել ճգնաժամի հետևանքները:
- 2000թ. ձեր արտահանումը կազմում էր ՀՆԱ-ի 20 տոկոսը, իսկ այսօր այն ընդամենը 12 տոկոսն է: Այս պարագայում ինչպե՞ս եք պատրաստվում բարձրացնել արդյունաբերական հիմքը:
-Դժբախտաբար, մեր առևտրային հաշվեկշիռը դեռևս նշանակալիորեն բացասական է: Արտահանման խթանումը դեռևս առաջնային նպատակ է մեզ համար, իսկ մեր արտահանումը հիմնականում երեք ուղղություններով է` հանքարդյունաբերություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն և զբոսաշրջություն:
-Ձեր տնտեսության ո՞ր տոկոսն են կազմում սփյուռքից կատարված ներդրումները: Չէ՞ որ ձեր երկրից դուրս մոտավորապես այնքան մարդ ունեք, որքան ձեր երկրում:
-Իհարկե, մեր տնտեսության մեջ ներդրումների առաջնային աղբյուրը հայկական սփյուռքն է: Ներկայումս ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը կազմում է 60-70 տոկոս: Իհարկե, սփյուռքից ներդրումները գալիս են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, այլ նաև մասնավոր դրամական փոխանցումների միջոցով, ինչն օգնեց Հայաստանին հաղթահարելու տնտեսական ճգնաժամի հետևանքները:
-Հայաստանի վրա միշտ կախված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամպը, ինչի առումով սպասումներ կան նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումից այս ամսվա վերջին: Արդյոք այսքան տարիներից հետո կա՞ մի իրատեսական շրջանակ այս հարցում առաջ շարժվելու համար:
-Հայկական ղեկավարությունն ունի քաղաքական կամք հաշտության գալու համար, և մենք գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու, սակայն հուսով ենք նաև, որ մեր ադրբեջանցի գործընկերները կցուցաբերեն նույն քաղաքական կամքը:
-Կարո՞ղ եք ասել նույնը նաև Թուրքիայի մասին: Հարաբերությունների կարգավորման ճանապարհն առկա չէ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած վայրագությունների պատճառով:
-Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է հստակ քաղաքական դիրքորոշում այս հարցի առնչությամբ: Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ անել նույնը:
-Թուրքիան 80 մլն սպառող և մեծ շուկա ունեցող երկիր է: Դուք զգու՞մ էիք արդյոք, որ Հայաստանի համար դժվար է բանակցել այս հարցում` հաշվի առնելով ինչպես Թուրքիայի դերը տարածաշրջանում, այնպես էլ այն, որ նա «Մեծ Քսանյակի» անդամ է:
-Դա միայն Հայաստանի հարցը չէ: Թուրքիայի քաղաքական ազդեցությունն ու կշիռը միայն կաճի, եթե Թուրքիան հետևի խաղի միջազգային կանոններին: Նրա ազդեցությունը խարխլվում է այն խնդիրներով, որոնք Թուրքիան շարունակում է ունենալ իր հարևանների հետ: Թուրքիան պետք է շարունակի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, և այս դեպքում մենք առավել հեշտությամբ կկարողանանք կառուցել կայուն հարաբերություններ մեր հարևան երկրի հետ:
/Times.am/
|