Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում որոշակի ակտիվություն է գրանցվել: Այսօր Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նրա մատնանշած ակտիվությունը, սակայն, պաշտոնական Ստեփանակերտի համար, ըստ Ղուլյանի, նորություն չէ: «Մենք նախկինում էլ բանակցային գործընթացում ունեցել ենք որոշակի ակտիվ փուլեր, որոնք, կարծես թե, շատ մոտ են եղել հանգուցալուծման», -հավելեց Արցախի Ազգային ժողովի նախագահը:
Ղուլյանի խոսքով, այս անգամ ևս ամեն ինչ «կրկնվում է նույն փուլով», ինչի պատճառը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունն է, որը «ավելի է կոնկրետացնում» հետագա անելիքները: «Բայց ընդհանուր տպավորությամբ ուզում եմ ասել, որ գոնե մեզ համար, Ղարաբաղի Ազգային ժողովի կողմից սպասելիքներն այդքան էլ լավատեսական չեն, որովհետև մենք, նույնիսկ այդ հայտարարությունից հետո, Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերի ու հայտարարությունների մեջ տեսնում ենք նույն բանակցային գործընթացը նենգափոխելու, հիմնախնդրի կարգավորման մեջ բոլորովին նոր տարրեր մտցնելու միտում, և այդ ռազմատենչ հայտարարությունների պակասը ևս չի զգացվում», -հայտարարեց Ղուլյանը:
Հարցին, թե ԱԺ նախագահն ի՞նչ ակնկալիքներ ունի կազանյան հանդիպումից (հունիսի 25 Կազանում եռակողմ հանդիպում է կայանալու), Ղուլյանն ի պատասխան նկատեց, որ ճիշտ չէ հավանականության դիրքերից խոսելը ու հավելեց. «Կարող է լինել ինչ-որ համաձայնություն, բայց կարող է նաև լինել փակուղային իրավիճակ»:
Ի՞նչ է ենթադրում փակուղային իրավիճակը, հաջորդ հարցին, Ղուլյանը պատասխանեց, որ փակուղու դեպքում քննարկումները կշարունակվեն, և հավանաբար, հատկապես աշնանը, սպասելի կլինի քննարկումների նոր փուլ:
«Հենց այդ իմաստով էլ մենք քիչ առաջ միջխորհրդարանական հանձնաժողովի ընթացքում բոլոր ելույթ ունեցողների կարծիքն էլ հենց այդ էր, որ պետք է շարունակել խորհրդարանական դիվանագիտության հնարքները օգտագործել` ճիշտ ներկայացնելով ղարաբաղյան կողմի տեսակետները: Կարծես թե, մենք արդեն ունենք դրական օրինակներ: Իհարկե, Հայաստանն այսօր միջազգային խորհրդարանական կառույցներում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապեոտւթյունը, բայց մեր գործընկերներն էլ արձանագրեցին, որ դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է իրենով փոխարինել Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը: Այնպես որ, այս կարգի քննարկումները շատ կարևոր են, օգտակար են, որպեսզի մենք անմիջականորեն կարողանանք մեկս մյուսին տեղեկացնենք մեր դիրքորոշումների այն թարմացումները, որոնք տեղի են ունենում, նաև աշխարհաքաղաքական գործընթացները, և երևի թե հենց այս սցենարը կարելի է ակնկալել»:
/Panorama.am/
|