Պատգամավորության նախկին թեկնածու, ներկայումս անազատության մեջ գտնվող երիտասարդ ակտիվիստ Բախտյար Հաջիևի ընտանիքի անդամներն ու «Աջակցություն Բախտյարին» արշավի կազմակերպիչները Բաքվում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել են, որ Ադրբեջանում պետական մակարդակով կեղտոտ արշավ է անցկացվում իրենց պաշտպանյալի դեմ, տեղեկացնում է «Ազադլիգ»-ը: «Աջակցություն Բախտյարին» արշավի կազմակերպիչներից Ռաիլ Աբբասովն ասել է, որ հասարակական կեղծ կարծիք ստեղծելու նպատակով ներկայում Բախտյարին վիրավորական և ստորացուցիչ պիտակներ կպցնող իշխանամետ «Լիդեր» հեռուստաալիքը 2008 թ-ին ԱՄՆ-ում Հիլարի Քլինթոնի ընտրարշավի միակ ադրբեջանցի մասնակցին` Բախտյար Հաջիևին ներկայացրել է որպես «Ադրբեջանին պարծանք հավերժացնող մարդ», իսկ այժմ նույն հեռուստաալիքը կեղծ մեղադրանքներ է ներկայացնում նրան: Սոլիդա Մյովլաևան, ով Բախտիյարի մայրն է և Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությանն (ԵԱԿ) անդամագրվել է դեռ 1994 թ-ին, ներկաներին հայտնել է, որ իր որդին մեղք չունի, և որ նա հայտնվել է ճաղերի հետևում` իշխանության քաղաքականությունը քննադատելու համար: Նա ասել է, որ հրաժարվում է ԵԱԿ անդամությունից: Մամուլի ասուլիսից անմիջապես հետո նա ԵԱԿ անդամության տոմսը տարել-դրել է Հեյդար Ալիևի գերեզմանին: Միջադեպի վայր ժամանած Պետական պահպանության հատուկ ծառայության աշխատակիցները կալանավորել են Բախտյար Հաջիևի մորը, այնտեղ նկարահանում կատարող «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» թղթակցին: Ծառայության աշխատակիցը կես ժամ հարցաքննելուց հետո Սոլիդա Մյովլաևային ասել է, որ նրա կուսակցական տոմսը կհասցնեն ԵԱԿ-ի գործադիր քարտուղար Ալի Ահմեդովին: Դրանից հետո նրանց բաց են թողել, իսկ RATI-ի թղթակցի` Պատվո ծառուղում տեսախցիկով կատարած տեսանկարահանումներն էլ ջնջել են:
/Times.am/
|