«Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ընթերցողների համար «Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը» գուցե հետաքրքիր լինի և որոշակի նշանակություն ունենա, սակայն տարածաշրջանային կարդացողի համար այնտեղ ոչ մի նոր բան ասված չէ»,- մեկնաբանելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը նշել է, որ զեկույցում մանրամասն նշված է, որ Ադրբեջանը ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրական քաղաքականություն է վարում, կենցաղում և նույնիսկ մամուլում «հայ»-ը որպես վիրավորանք է օգտագործվում, և առհասարակ, Ադրբեջանում իրավիճակը եվրոպական ընդունելի չափանիշներից շատ հեռու է գտնվում: Նա նաև ընդգծել է, որ փաստաթղթում բազմաթիվ անգամ օգտագործված է «strongly recommended» արտահայտությունը, ինչը ցույց է տալիս դժգոհությունների մեծ չափը: «Ըստ որում, փաստաթղթում ամեն ինչ ասված է ուղիղ, բավական կտրուկ: Այն աննախադեպ քննադատական բնույթ ունի», – հավելել է Իսկանդարյանը: Քաղաքագետի խոսքով Ադրբեջանում տիրող իրավիճակը հոգեբանական պաճառներ ունի և պատերազմում պարտված ու հուսախաբված երկրին բնորոշ հետևանք է: Նրա կարծիքով, այնուամենայնիվ, համաշխարհային հանրության օբյեկտիվ կարծիքի ձևավորման առումով դրական քայլ է և որոշ հետևանքներ կարող է ունենալ: «Մտահոգիչն այն է, որ ադրբեջանում անհանդուրժողականությունը համընդհանուր բնույթ է կրում: Իշխանությունները, լրատվամիջոցները, ինտիլիգենցիան ներգրավված են այս գործընթացում, ինչը «Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի» մասնագետների մոտ մեծ անհանգստություն է առաջացնում»,- ասաել է Իսկանդարյանը: 2007 թվականի համեմատ, երբ հրապարակվել էր նախորդ զեկույցը, Ադրբեջանում իրավիճակն ավելի է վատթարացել, ռասիզմի տարածման միտումներն զգալի խորացել են:
/Times.am/
|