«Կաթողիկոսի այցը վիրահայությունը և ջավախահայությունը պետք է դիտարկեն խնդիրների լուծման միջոց և ոչ թե նպատակ: Սա նշում ենք հատուկ, քանի որ տենդենց կա կաթողիկոսի այցը համարելու մի յուրատեսակ գերնպատակ»: Այս մասին, մեկնաբանելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտալուտ այցը Վրաստանի Հանրապետություն և Ջավախք, Times.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: «Իհարկե` այս երևույթը գալիս է նրանից, որ վերջինիս այցը տեղի է ունենում ավելի քան հարյուրամյա ընդմիջումից հետո: Այնինչ` սա մի հովվապետական այց է, որը հարկ է, որ ամբողջովին միտված լինի խնդիրների լուծմանը»:
Փորձագետը համոզված է, որ վիրահայության և ջավախահայության ակնկալիքները բխում են մինչ օրս անընդմեջ ահազանգված և առաջադրված պահանջներից: «Այդ պահանջները բոլորին քաջ հայտնի են, չկրկնենք: Դատելով Կաթողիկոսի այցի օրակարգից` արդեն կարող ենք մեկ ցավալի փաստ արձանագրել, որ չի լուծվելու մեկ վիճելի եկեղեցու` Ջավախքի խորհրդանիշ հանդիսացող Ախալցխայի Սբ. Նշան եկեղեցու հայավերադարձման հիմնահարցը: Մնում է սպասել, որ տեղաշարժ կլինի մյուս խնդիրներում: Տեղի հայությունն ակնկալում է դրանցից գոնե մեկ-երկուսի լուծում: Այլապես` եթե Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ` հետը բերելով այդ խնդիրների լուծման հույսեր, ապա այցն ինչ-որ իմաստով կարելի է նմաննեցնել մեր քաղաքական պաշտոնյաների արդեն երկու տասնամյակ իրականացվող այցերին, որոնք իներտ են և վաղուց կրում են ձևական բնույթ», – ասել է Վահե Սարգսյանը` ավելացնենք նաև, որ Վեհափառի ջավախքյան այցի օրակարգը բավականին համընդգրկուն է: «Վերջինիս մեջ ներառված է նաև Թռեղքի` Ծալկայի հատվածը, որը մինչ օրս հայ իրականության մեջ մոռացության էր մատնված», – նշել է փորձագետը:
/Times.am/
|