Այս տարի «Ոսկե Ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 10-ից 17-ը: Փառատոնի գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերություն` գլխավոր հովանավոր և ՀՀ մշակույթի նախարարություն` որպես պետական աջակից:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Ստամբուլցյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ծրագրերը: Ըստ նրա, այս տարի ռեկորդային են հայտերի և հայտ ներկայացնող երկրների թիվը: Ընդհանուր առմամբ, ստացվել է 630 հայտ 81 երկրից, որոնցից ընտրվել են 150-ը 45 երկրից»:
Փառատոնի միջազգային կապերի պատասխանատու Տաթևիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կինոփառատոնը այս տարի ներկայացնելու է չորս մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական ֆիլմեր, Հայկական համայնապատկեր, ինչպես նաև նոր «Կորիզ» կարճամետրաժների ծրագիր:
Տ. Հովհաննսիյանի խոսքերով, փառատոնը կբացի աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի 2010 թ.-ի Կաննի փառատոնի մրցանակակիր «Վավերացված պատճեն» ֆիլմը:
«Դեռ անցած տարի էինք ուզում ֆիլմը բերել, Ռոսթամին չկարողացավ գալ և ֆիլմը բերել, և դա մնաց այս տարվան»,- ասաց Մ. Ստամբուլցյանը: Ինչ վերաբերում է գլխավոր դերակատարուհի Ժյուլեթ Բինոշին, ապա նա նշեց, որ արտիստները այս շրջանում բավականին զբաղված են և դերասանուհին Հայաստան չի գա:
Նկատի ունենալով մասնագետների և հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը ԱՊՀ երկրներւմ արտադրված ֆիլմերի հանդեպ` «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով կցուցադրվեն ֆիլմեր Տաջիկստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլն: Ծրագիրը կբացի Ալեքսեյ Ուչիտելի «Օսկար»-ի նոմինանտ «Եզերք» ֆիլմը: Փառատոնը կփակի Վիմ Վինդերսի «Պինա» ֆիլմը, որը կուցադրվի 3D ձևաչափով:
/Panorama.am/
|