ԸՍՏ ԼՂՀ ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 230 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվության բաժինը:
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը առաջնային գծում նման ակտիվություն է շարունակում դրսևորել վերջերս Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ արված հայտարարությունից հետո: Ավելին, պաշտոնական Բաքուն, իր սովորության համաձայն, նախահարձակ գործողություններին զուգահեռ, սկսել է քարոզչական նախապատրաստություն իրականացնել նաև առաջիկայում Կազանում անցկացվելիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ` հայկական կողմին մեղադրելով ագրեսիվ գործողությունների մեջ:
Մասնավորապես, երեկ Բաքվի լրատվամիջոցները, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության աղբյուրների վրա, տեղեկություն են տարածել առ այն, թե իբր ղարաբաղյան զինուժի ագրեսիվ գործողությունների արդյունքում հունիսի 3-ին Աղդամի ուղղությամբ սպանվել է Վերին Գիյամադընլը գյուղի անասնապահ Յելմար Փիրիևը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածված տեղեկատվությանը, Պաշտպանության բանակի Լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանն այն հայտարարել է. «Հայկական կողմը բազմիցս հայտարարել և այսօր էլ հերթական անգամ հաստատում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն չեն կրակել և չեն կրակում խաղաղ բնակիչների վրա, այլև անգամ ձեռնպահ են մնում հակառակորդի կողմից դիրքապահ անձնակազմի ուղղությամբ կրակելուց, եթե իհարկե, վերջիններիս նախահարձակ գործողությունները չեն հատում լկտիության սահմանը: Ինչ վերաբերում է քաղաքացիական անձի սպանության շուրջ ադրբեջանական քարոզչության կողմից տարածված հաղորդագրությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն կամ սեփական ճամբարում տեղ գտած մահվան ելքով արտակարգ միջադեպը հայկական կողմի վրա բարդելու անհաջող փորձ»՝ հավելելով, որ միայն հունիսի 3-ի ողջ օրվա ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում` "ՍՎԴ", "Սև նետ", "ԻՍՏԻԳԼԱԼ" դիպուկահարային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են մոտ 70 անգամ` արձակելով ավելի քան 400 կրակոց:
/Panorama.am/
|